Փետրվարի 3-ին Թբիլիսիի “Black and white Gallery” ցուցասրահում, «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի «Թբիլիսյան դեմքեր» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին ներկա էր նաեւ թբիլիսաբնակ, ազգությամբ ադրբեջանցի` Շեյխ Հաջի Վագիֆ Ալեկբերովը: Մեզ հայերենով հարցազրույց տված Ալեկբերովի` ֆոտոցուցահանդեսին մասնակցելու փաստը քննադատության է արժանացել ադրբեջանական լրատվամիջոցներում:
Այսպես ցուցահանդեսի բացումից մի քանի օր հետո haqqin.az կայքը` «Նախկին շեյխ Վագիֆ Ակպերովը՝ Թբիլիսիում հայկական ցուցահանդեսին» վերնագրով հոդված հրապարակեց: Հղվելով «Sputnik Armenia»-ին, հոդվածի հեղինակը մեջբերում է Հաջի Վագիֆի խոսքերը հայկական լրատվականին տված հարցազրույցից, ապա` ավելացնում.
«Վագիֆ Ակպերովը, որ համայն Վրաստանի մահմեդականների շեյխ է դարձել 2011թ հունիսին, երբ երկիրը ղեկավարում էր Միխեիլ Սաակաշվիլին, միանշանակ կերպար չէ: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմաբ, 2013թ-ին մահմեդական հոգեւոր անձինք դեմ են դուրս եկել նրան, հայտարարելով, որ համաձայն չեն Ակպերովին ընդունել որպես հոգեւոր առաջնորդ: Ախունդները պնդել են, որ Սաակաշվիլիի կողմից Հաջի Վագիֆը նշանակվել է անհասկանալի պայմաններում»:
Վրաստանի տարբեր շրջանների հոգեւորականներ ընտրել են մեկ այլ հոգեւոր առաջնորդի, մինչդեռ Վրաստանի կառավարությունը կարգալույծ չի արել նրան: Վարչապետ Իվանիշվիլին Նովրուզի կապակցությամբ շնորհավորական է հղել հենց նրան, նշված է հոդվածում: Հեղինակը նաեւ իր բացատրությունն է տալիս մահմեդական հոգեւոր ղեկավարների բողոքի վերաբերյալ.
«Նա ուներ մութ անցյալ, երկու դատվածություն: Բանտում է անցկացրել 14 տարի, մարմնին հանցագործ աշխարհում հայտնի դաճվածքներ ունի: 2013թ-ի դեկտեմբերի 27-ի երեկոյան նրան զանգահարում է անծանոթ մարդ, ներկայանում որպես ՆԳՆ-ի աշխատակից, արգելում շփվել ԶԼՄ-ների հետ, սպառնում հրապարակել անձնական բնույթի գաղտնի նկարահանումներ` հիշեցնելով իր երեխաների մասին եւ նշելով, որ նրանց շահերից ելնելով նա պարտավոր է դիմում գրել եւ ինքնակամ հեռանալ պաշտոնից, ինչի արդյունքօւմ Վագիֆը ստիպված լքում է պաշտոնը»:
Ակբերովի խոսքերով, այս հայտարարությունը մնացել է ՆԳՆ-ում, եւ ի հայտ է եկել մահմեդականների հավաքի ընթացքում: Լռության փոխարեն 2014թ նրա հետ կապվել են անհայտ անձինք, առաջարկել աշխատանք գազի եւ նավթի կորպորացիաներում, բարձր աշխատավարձ եւ տարբեր տեսակի արտոնություններ, սակայն` Ակբերովը հրաժարվել է: 2016թ-ի մարտի 28-ին նա դիմել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին եւ պահանջել իշխանությունից վերոնշյալ փաստերն ուսումնասիրել եւ արձագանքել, եզրափակում է հոդվածագիրը: