Թբիլիսիի որոշ պրոֆեսորներ ու ուսուցիչներ միացել են «Նիկա Գվարամիայի ազատության շարժմանը»։ Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի բակում հավաքված շարժման ներկայացուցիչները դիմել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային բանտից ազատելու խնդրանքով։
«Նիկա Գվարամիայի ազատության շարժման» հիմնադիրներից Բաչանա Շենգելիայի խոսքով՝ Նիկա Գվարամիան անօրինական կալանքի տակ է, և այդ անօրինականության վերջակետը պետք է դրվի։
Գվարամիային բանտից ազատելու անհրաժեշտության մասին են խոսել նաև շարժման այլ անդամներ։
«Ողջ Վրաստանը գիտի, որ Նիկա Գվարամիան անարդարացիորեն բանտարկված է, բայց գլխավորն այն է, որ դա արդեն գիտի Եվրոպան, գիտեն այն մարդիկ, որ մտածում ու փորձում են Վրաստանը վերադարձնել եվրոպական ընտանիք։ Մեր երկրին այսօր անհրաժեշտ է Նիկա Գվարամիայի ազատությունը», — ասել է Շենգելիան։