Բրյուսել կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ, տեղեկանում ենք Զուրաբիշվիլիի Twitter-յան միկրոբլոգից:
Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանը կաջակցի Վրաստանին:
«Մենք շատ արդյունավետ զրույց ունեցանք Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ, թե ինչպես ուժեղացնել Վրաստանի հեռանկարները թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Ես ընդգծեցի վրաց բնակչության աննկուն ձգտումը եվրոպական այս ճանապարհին։ Մենք հույս ունենք` Եվրախորհրդարանը կաջակցի Վրաստանին»,- գրել է Զուրաբիշվիլին։
Ի դեպ, մարտի 13-ին Բրյուսելում կայացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Նշենք, որ Վրաստանը ԵՄ անդամակցության հայտը ներկայացրել է 2022 թվականի մարտի 3-ին։ Դրանից հետո Վրաստանի կառավարությունը Եվրահանձնաժողովից հարցաշար է ստացել, որը պատասխաններով վերադարձրել է Բրյուսել։ 2022 թվականի փետրվարին և մարտին Ուկրաինան և Մոլդովան նույնպես ԵՄ անդամակցության հայտեր են ներկայացրել։ Հունիսին Եվրամիությունը այս երկու երկրներին շնորհել է անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։ Վրաստանը պետք է կատարի 12 հանձնարարական՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար.