Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել բոլոր տուժած ցուցարարներին, ովքեր կարծում են, որ մարտի 7-9-ի բողոքի ակցիաների ժամանակ ոտնահարվել է իրենց արտահայտվելու իրավունքը, իշխանություններն անհամաչափ ուժ են կիրառել, կամ քաղաքական հետապնդում են սկսել։
Նշենք, որ մարտի 14-ին ուսանողները «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում դիմել են Վրաստանի հանրային պաշտպանին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել իրենց պաշտպանելու «իշխող թիմի ու ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետապնդումներից ու ճնշումներից»։
Մարտի 13-ին «Դրոա» («Ժամանակն է»), «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» և «Գիրչի․ ավելի շատ ազատություն» ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ճեպազրույցում հայտարարել էին, որ իրավապահները այսօր էլ բերման են ենթարկում «Օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքող, մարտի 7-9-ի ցույցի մասնակիցներին։
Ի դեպ, քաղաքացիներին օգնություն են խոստացել նաև ընդդիմադիր կուսակցությունները։
Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) ևս մարտի 12-ին դիմել են Վրաստանի ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների գործով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթը կարճելու պահանջով։
Հիշեցնենք՝ 2023 թվականի մարտի 2-3-ը և մարտի 7-9-ը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել ընդհանուր առմամբ 169 մարդու։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Գործակալների մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը գրանցել է իշխող թևը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Համաձայն այս փաստաթղթի՝ Վրաստանի գործընկեր երկրներից ֆինանսավորում ստացող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները պետք է գրանցվեին գործակալների ռեեստրում։
Այս գործընթացին հաջորդեցին մի քանի օր լայնածավալ ակցիաներ Թբիլիսիում և այլ քաղաքներում, որից հետո իշխող կուսակցությունը տապալեց օրինագիծը։