Եվրամիությունն աջակցում է վրաց ժողովրդին և ողջունում այն փաստը, որ մարտի 10-ին Վրաստանի խորհրդարանը չաջակցեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, որը կխոչընդոտեր քաղաքացիական հասարակության կարևոր գործունեությանը։ Եվրոպական միության պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի 13-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ըստ հաղորդագրության` զրույցի առանցքում եղել է Եվրոպական խորհրդի որոշումը՝ Վրաստանին Եվրամիության հեռանկար շնորհելու և Վրաստանի նախագահի ջանքերը միասնական, ընդգրկուն և խորացված մոտեցում հաստատելու բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Վրաստանին ԵՄ անդամակցության առաջընթացի համար:
Միշելը ողջունել է Զուրաբիշվիլիի աշխատանքը՝ ուղղված վրաց ժողովրդի եվրատլանտյան նկրտումների զարգացմանը, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակով: Եվրոպական խորհրդի նախագահի կարծիքով` եկել է «վճռական պահը», և անհրաժեշտ է ավելի եռանդուն աշխատանք քաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար, հատկապես օրենսդրական և դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ։
Մարտի 13-ի հանդիպմանը Վրաստանի և Եվրոպական խորհրդի նախագահները քննարկել են նաև Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ և դրա ազդեցությունը տարածաշրջանի ու ընդհանուր առմամբ Վրաստանի վրա, ինչպես նաև Վրաստանի անվտանգության հարցերը։
Ըստ ԵՄ աղբյուրի՝ Միշելը շեշտել է, որ ԵՄ-ն անշեղորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված շրջանակներում և սերտորեն համագործակցում է Վրաստանի հետ հիբրիդային սպառնալիքների ու ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարում։
Ի դեպ, Զուրաբիշվիլին Բրյուսել է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ-ում նա հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, իսկ մինչ այդ Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 67-րդ նիստին։
Զուրաբիշվիլին դադարեցրել էր աշխատանքային հանդիպումները՝ մարտի 7-9-ը Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների պատճառով։