«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) կոչ է անում վրացական իշխանություններին հետաքննել բողոքի ակցիան լուսաբանող լրագրողների գործունեության խոչընդոտումը և ապահովել մամուլի անվտանգ ու ազատ աշխատանքը։
CPJ-ի հայտարարության համաձայն՝ մարտի 2-ից սկսած իրավապահները ծեծի են ենթարկել և/կամ խոչընդոտել առնվազն 14 լրագրողի աշխատանքը, երբ նրանք լուսաբանում էին «օտարերկրյա ազդեցության գործակալների» օրինագծի պատճառով ծավալված բողոքի ակցիաները։
«Կառավարությունը պետք է դադարեցնի իրավապահների կողմից բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների գործունեության խոչընդոտումը: Այդ գործողությունների ընթացքում աշխարհի ուշադրությունն ուղղված էր Վրաստանին։ Կառավարության պարտականությունն է ապահովել, որ լրագրողները կարողանան անվտանգ և առանց միջամտության լուսաբանել կարևոր իրադարձությունները»,- ասել է կազմակերպության ծրագրերի ղեկավար Կառլոս Մարտինես դե լա Սերնան:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում են լրագրողների նկատմամբ իրավապահների կողմից ֆիզիկական ուժի կամ գործունեությանը միջամտելու տարբեր դեպքեր, այդ թվում.
- հավատարմագրված լրագրողներին բռնի ուժով վտարել են խորհրդարանի բակից,
- խորհրդարանի մոտ հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել Netgazeti-ի լրագրողին:
CPJ-ն նաև գրել է, որ կապ է հաստատել Վրաստանի պարեկային ոստիկանության, խորհրդարանի և պետական պաշտպանության հատուկ ծառայության հետ, սակայն մեկնաբանություն չի ստացել: Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայությանը, ապա կազմակերպությանը հայտնել են, որ ձեռնարկելու են «բոլոր անհրաժեշտ միջոցները օբյեկտիվ քննությունն ապահովելու համար»։
Նշենք, որ մարտի 7-8-9-ին Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիաներ սկսվեցին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ հավանություն տալու համար: Բողոքի ակցիաներ էին ընթանում նաև Վրաստանի տարբեր մարզերում և քաղաքներում: Ցուցարարներն օրենքի նախագիծն անվանում էին «ռուսական օրենք» և իշխանություններից պահանջում հետ կանչել օրինագիծը:
Ի վերջո, հանրային ճնշումների ներքո իշխանությունները հետ կանչեցին օրենքի նախագիծն ու քվեարկությամբ տապալեցին: Սրան նախորդել էին ցուցարարների վրա հատուկջոկատայինների կողմից տարբեր տեսակի անհամաչափ գործողություններ, մասնավորապես՝ ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ և արցունքաբեր գազ: