Հայաստանի կառավարությունն առաջարկում է Վրաստանի տարածքով Պարսից ծոց-Սև ծով առևտրային միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար, որպեսզի հնդկական արտադրանքը կարողանա ավելի կարճ և արագ ճանապարհով հասնել Ռուսաստան և եվրոպական երկրներ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Հնդկաստան կատարած այցի շրջանակներում այս նախաձեռնությամբ հանդես են եկել փորձագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գրել է The Economic Times-ը։
Ըստ The Economic Times-ի՝ Երևանի պաշտոնական առաջարկի համաձայն, այս երթուղին պետք է Իրան-Հայաստան-Վրաստան տարածքով Մումբայը միացնի Եվրոպային և շրջանցի Ադրբեջանը, քանի որ Դելին «վատ» հարաբերություններ ունի պաշտոնական Բաքվի հետ՝ կապված Թուրքիայի և Պակիստանի սերտ կապերի հետ։
Մասնավորապես, առաջարկվող միջանցքը կանցնի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) և կմիացնի հնդկական Մումբայ քաղաքը Իրանի հարավային նավահանգստային Բանդար Աբաս քաղաքի, այնուհետև Հայաստանի հետ։
The Economic Times-ը գրում է, որ Հայաստանի կառավարության աղբյուրը հայտնել է, որ Հայաստանի կապերը Հնդկաստանի հետ վերջին տարիներին աճել են՝ պայմանավորված Հնդկաստանից պաշտպանական արտադրանքի արտահանմամբ: Այսպիսով, Հայաստանը փորձում է հնդկական ներդրումներ ներգրավել Պարսից ծոց-Սև ծով իր տարածքով անցնող երթուղու համար։
Հրապարակման համաձայն՝ հայկական կողմը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ հնդկական ընկերությունները մեծ ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու մեծ փորձ ունեն, իսկ պաշտոնական Դելին շահագրգռված է Իրանի և Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա տրանսպորտային միջանցք բացելու հարցում։ Այսպիսով, Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ՝ նախագծի համար հնդկական ֆինանսավորում և ընկերություններ ներգրավելու համար։ Ավելին, տարածաշրջանում Հայաստանը ցույց է տվել ուժեղ տնտեսական աճ՝ չնայած Ադրբեջանի հետ պատերազմին։
Ըստ The Economic Times-ի՝ 2016 թվականին Իրանը առաջ է քաշել նոր՝ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը՝ երկիրը Հարավային Կովկասով Եվրոպային միացնելու համար։ Այն ժամանակ նախագծով հետաքրքրված էին բոլոր պոտենցիալ մասնակից երկրները՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան և Հունաստանը, թեև բանակցությունները դադարեցվել էին Covid-ի համաճարակի ժամանակ։