«Վիվամեդ» կլինիկայում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ երբեմն ուշաթափվում է` հավելելով, որ սպասում է եվրոպացի բժիշկների օգնությանը։
«Ոչ ոք թող չմտածի, որ ես լավ եմ, այսօր երկու անգամ ուշաթափվեցի։ Ղարիբաշվիլին Մյունխենում ասաց, որ եվրոպացի բժիշկներին թույլ կտան բուժել ինձ, և արդեն 10 օր է անցել, բայց նրանք դեռ չեն եկել։ Միևնույն է, քանի դեռ շնչում եմ, պայքարելու եմ»,- գրել է Սաակաշվիլիին իր ֆեյսբուքյան էջում։
Իր գրառման մեջ Սաակաշվիլին կոչ է հղել նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին.
«Այն քաղաքական գործիչներին, որոնք դեռ խուսափում են իմ անունը տալուց, ուզում եմ ասել, որ չդառնան երկարաժամկետ ռուսական երազանքի քաղաքականության պատանդը։ Ես պարզապես ուզում եմ օգնել ձեզ, քանի դեռ այստեղ եմ, իսկ երբ վերադառնամ Կիև, լիովին զբաղված կլինեմ Զելենսկուն օգնելով:
Ուժը միասնության և ակտիվության մեջ է։ Հիմա հաստատապես դադարների ժամանակը չէ, փառք մեր երիտասարդներին, փառք բոլոր քաջ ու անվախ հայրենասերներին»։
Երեկ՝ մարտի 12-ին, «Ազգային շարժման» տարածաշրջանային շտաբի ղեկավար Գիորգի Չալաձեն հայտնել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ լեհ բժիշկների այցը Վրաստան հետաձգվում է։