Մարտի 13-ի առավոտյան Մոսկվայի արբիտրաժային դատարանը սնանկ է ճանաչել «Ազատություն» ՍՊԸ-ին, որը ներկայացնում էր «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի շահերը Ռուսաստանում, գրում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Դաշնային հարկային ծառայությունը դատարան էր դիմել այս տարվա մարտին։ Հարուցվել է սնանկության վարույթ, նշանակվել է սնանկության գործով կառավարիչ։
Ըստ տեղեկության՝ սնանկության պատճառ է դարձել «Ազատություն» ռադիոկայանի՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին չհամապատասխանելու համար 9 ռուսալեզու նախագծերի և մեդիա կորպորացիայի ռուսալեզու կայքերի նկատմամբ կիրառված բազմամիլիոնանոց տուգանքները վճարելուց հրաժարվելը։ «Ազատություն» ռադիոկայանը օրենքի դրույթները համարում է քաղաքական գրաքննության դրսևորում, որը խոչընդոտում է լրագրողներին կատարել իրենց մասնագիտական պարտականությունները։ Մեդիա կորպորացիան բողոքարկում է կառավարության որոշումները Ռուսաստանի դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
«Ազատություն» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառված վարչական տուգանքների ընդհանուր գումարը գերազանցում է մեկ միլիարդ ռուբլին, իսկ ՍՊԸ-ի և նրա գլխավոր տնօրենի դեմ դատարանում քննվում կամ գտնվում է մինչև 1 200 գործ։
Ի դեպ, անցած տարվա մայիսից «Ազատություն» ռադիոկայանի հաշիվների վրա կալանք է դրվել։ Սնանկության ընթացակարգի պաշտոնական պատճառը Ռուսաստանի գանձարան հարկերը փոխանցելու անհնարինությունն էր։ Անցյալ տարի, 2022 թվականի մարտին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո, Ռուսաստանը մտցրեց ռազմական գրաքննություն, իսկ «Ռոսկոմնադզորը» արգելափակեց «Ազատություն» ռադիոկայանի կայքերը։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հայտարարել է Ռուսաստանում իր բյուրոյի փակման և Ռիգայում բացման մասին: Բյուրոն Ռուսաստանում բացվել է 1991 թվականին՝ ՌԴ նախագահ Բորիս Ելցինի թույլտվությամբ։ Ռուսական բյուրոյի փակումից հետո «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայն ասել է, որ ռուսական իշխանությունների գործողությունները «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը խափանելու համար երկար տարիների արշավի գագաթնակետն են:
«Ազատություն» ռադիոկայանի ավելի քան 30 աշխատակից անհատապես ընդգրկված է Ռուսաստանի արդարադատության նախարարության «օտարերկրյա գործակալների» ցուցակում։ Չնայած կայքերի արգելափակմանը և այլ ճնշումներին՝ «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը շարունակում է անթերի աշխատել։
2022 թվականը վիճակագրորեն ամենահաջող տարին էր խմբագրության 70-ամյա պատմության ընթացքում։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը մասնավոր միջազգային հեռարձակող ընկերություն է, որը հեռարձակվում է Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կովկասի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում: Ֆինանսավորողը Կոնգրեսն է՝ ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալության միջոցով: «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակվում է 27 լեզուներով 23 երկրներում, հիմնականում այն երկրներում, որտեղ լրատվամիջոցների ազատությունը սահմանափակ է: