Ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան և «Լելո» կուսակցության քարտուղար Լանա Գալդավան խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում կոչ են արել «Վրացական երազանքին»` դադարեցնել ապատեղեկատվության տարածումը երկրորդ ճակատի մասին, որը, ըստ նրանց, Կրեմլն օգտագործում է հնարավոր սադրանքների համար։
«Ցավոք, «Վրացական երազանքի» և Կրեմլի ապատեղեկատվական արշավն ու ստերը ներդաշնակ են միմյանց, ինչը թուլացնում է մեր պետությունը։ Մենք կոչ ենք անում իշխող թիմին` դադարեցնել Կրեմլի շահերը հետապնդել և Վրաստանի ազգային շահերին համապատասխան աշխատել երկրի ապաօկուպացման և տարածքային ամբողջականության խաղաղ ապահովման ուղղությամբ»,- ասել է Գալդավան։
Ի դեպ, Ղարիբաշվիլին երեկ ասել է, որ Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ մի քանի պատգամավորներ հայտարարել են, որ ռեժիմը պետք է տապալել ու փոխել։
«Ուզում եմ ձեզ մի բան ասել ողջ պատասխանատվությամբ. նրանց ցանկությունն էր և է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ և կռվել Ուկրաինայի հետ միասին։ Սա է գլխավոր նպատակը։ Ընկերներ, ուզում եմ դիմել բոլորիդ. մենք՝ վրացիներս, պետք է առողջ բանականություն ունենանք։ Պետք է զգուշություն դրսևորենք, սառը հաստատակամություն ու զգոնություն՝ ոչ մի սադրանք թույլ չտալու համար»,- ասել է Ղարիբաշվիլին։