Թբիլիսիի քաղաքային ծառայությունների զարգացման գործակալության կայքում տեղադրված հաղորդագրությամբ պարզ է դառնում, որ կենտրոնական փողոցներից մեկում՝ նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մերձակայքում երկնաքերերի կառուցման ծրագրի հատակագծային հանձնարարականը Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը չի քննարկում. նախագիծը չեղարկված է:
BM.GE-ին Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ հին նախագիծն այլևս անվավեր է, և ընկերությունը նոր հայտ կներկայացնի։
«Լագունա Վերե»-ի շրջակա տարածքը կազմակերպելու և զարգացնելու նպատակով աշխատանքներն ընթացքի մեջ են զարգացման կարգավորման պլանի պատրաստման ուղղությամբ։
Ինչպես մնացած բոլոր դեպքերում, հաճախ է պատահում, որ քաղաքապետարանը թերություն է հայտնաբերում, որը շտկում է կապալառուն և նորից ներկայացնում։
Այս դեպքում էլ ընկերությունը կներկայացնի նոր հայտ՝ նախագիծն ու փաստաթղթավորումը ավարտին հասցնելու համար, և հինն այլևս չի թույլատրվի շարունակել», — հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։
Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը նախատեսում է 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել Թբիլիսիի նախկին «Մետաքսի գործարան»-ի տեղում՝ «Լագունա Վերե»-ի և «Հերոսների հուշարձան»-ի միջև։
Խոստացված կառույցի մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Իրակլի Աբեսաձեն` վերնագրելով այսպես. «Բիձինայի «նվերը» թբիլիսցիներին»:
«Քաղաքաշինության ինստիտուտ» կազմակերպությունն արձագանքել է «Լագունա Վերե»-ի շրջակայքում նախատեսված շինարարությանը։ Նրանց կարծիքով, նախագիծը տարածքին անհամապատասխան է, ավելին՝ Թբիլիսիում դժվար է գտնել այնպիսի վայր, որը կարող է հարմար լինել այդ մասշտաբի ու բարձրության կառույցի համար:
Ըստ հայտի՝ պատվիրատու «Կոստավաս 69» ՍՊԸ-ն քաղաքապետարանից պահանջում է համաձայնություն տալ այդ տարածքի զարգացման կարգավորման ծրագրի պլանավորման հանձնարարականին։ Մի շարք ընթացակարգեր անցնելուց հետո, հավանություն ստանալու դեպքում ընկերությանը հնարավորություն կտրվի քաղաքի կենտրոնում կառուցելու երկու աշտարակ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր։ Նախագծային առաջարկով համալիրի հարկերի նվազագույն թիվը 1 է, իսկ առավելագույնը՝ 65։ Շինարարության մակերեսը՝ 33 հազար 500 քմ է։ Նախագիծը ներառում է կոմերցիոն գրասենյակային, բնակելի և օժանդակ տարածքներ։
Ի դեպ, «Կոստավաս 69» ընկերության տնօրենը Կախա Կոբիաշվիլիի ազգական Բիձինա Իվանիշվիլին է, իսկ 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը «Քարթու» հիմնադրամն է։