Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն ասել է, որ երկիրը պետք է լավ պատրաստված ռեզերվ ունենա:
Բուրճուլաձեն խոսել է Վրաստանի պաշտպանունակության զարգացման համար նոր «Պաշտպանության օրենսգիրք» նախագծի կարևորության մասին:
Ըստ նախարարի՝ Վրաստանի նման մարտահրավերներ ունեցող երկրի համար ամբողջական պաշտպանության սկզբունքն այլընտրանք չունի։
«Մենք այլընտրանք չունենք, բացի նրանից, որ երկիրն ունենա լավ պատրաստված ռեզերվ։ Այս հարցում բոլորս համաձայն ենք՝ և՛ մենք, և՛ մեր գործընկերները»,- ասել է Բուրճուլաձեն։
ՊՆ ղեկավարի խոսքով, Վրաստանն անպայման կհասնի այն առաջադրանքին, որը կոչվում է լավ պատրաստված ռեզերվ։
«Փաստաթղթերը, իրավական ակտերը կարգավորում են մեր կարճաժամկետ ու երկարաժամկետ զարգացումը։ Բոլոր փաստաթղթերը մշակվել են մեր գործընկերների հետ միասին։ Նաև` բոլոր փուլերում մեր գործընկերների հետ միասին ուսումնասիրել ենք օրենսգիրքը»,- ասել է Բուրճուլաձեն։
Բուրճուլաձեի խոսքով, ՊՆ-ի ներկայացրած նախագիծը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ավելի ճկուն, պարզեցված պայմաններում, ինչը կօգնի հասնել հիմնական նպատակներից մեկին՝ երկրում պատշաճ պատրաստված ռեզերվի ստեղծմանը։ Բուրճուլաձեն ընդգծել է՝ պարտադիր զինվորական ծառայությունն ուսանողների նկատմամբ կկիրառվի միայն կամավոր սկզբունքով.
«Ուսանողները կամավոր կընտրեն այն ծրագիրը, որն առաջարկում ենք. նախատեսվում է ամեն տարի մեկ ամսով պարտադիր զինվորական ծառայություն»:
Պաշտպանության նախարարը հանրությանը հիշեցրել է, որ Վրաստանում դեռևս գործում է պարտադիր զինվորական ծառայությունը, և նշված բարեփոխումը չի բերի էական, արմատական փոփոխության, այլ կնպաստի զորակոչիկների ազգային ծառայության անցմանն ավելի ճկուն ու պարզ համակարգի։