Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականը ռեկորդային էր Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) և տրանսֆերտների առումով։ Ըստ Geostat-ի՝ դեպի Վրաստան տրանսֆերտները գրեթե երկու անգամ գերազանցում են ՕՈՒՆ-ի ծավալը։
Geostat-ի տվյալներով, անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 2 մլրդ դոլար, ինչը 61,1 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ճշգրտված ցուցանիշը: Տվյալների համաձայն, աճը պայմանավորված է օտարերկրյա ուղղակի ներդրումների երկու բաղադրիչների՝ բաժնետիրական կապիտալի և վերաներդրումների տոկոսադրույքի ավելացմամբ։
Ըստ Geostat-ի՝ 2022 թվականին տրանսֆերտները նույնպես հասել են պատմական առավելագույնի, ինչը մեծապես պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով երկիր ռուս միգրանտների զանգվածային հոսքով։
Նշենք, որ Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով՝ 2022 թվականին Վրաստան են փոխանցվել 4,37 միլիարդ դոլարի տրանսֆերտներ, ինչը գրեթե 86 տոկոսով ավելի է 2021 թվականի 2,35 միլիարդ դոլարի ցուցանիշից։ Տրանսֆերտները 118,5 տոկոսով գերազանցում են ուղղակի օտարերկրյա ներդրումներին։
Ամենամեծ գումարը՝ 2,07 մլրդ դոլար, փոխանցվել է Ռուսաստանից, ինչը 402,6 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Ռուսաստանից հետո առաջին հնգյակում են Իտալիան՝ 431,6 մլն, որին հաջորդում են ԱՄՆ-ը՝ 326,99 մլն, Հունաստանը՝ 223,9 մլն և Իսրայելը՝ 199 մլն։