Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) կոչ են անում պետությանը չեղարկել տուգանքները և դադարեցնել վարույթներն այն ձերբակալվածների նկատմամբ, որոնց գործերը դատարանը չի վերանայել։
Խոսքը «ռուսական օրենքի» դեմ ցույցերի ժամանակ ձերբակալված ցուցարարների մասին է։
ՀԿ-ները նշել են՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով, ակցիայի ընթացքում վարչական կարգով բերման ենթարկված բոլոր անձինք ազատվել են ժամանակավոր մեկուսարանից. նրանց վարչական կալանքից ազատելը չի նշանակում քրեական գործի վարույթի կարճում։
ՀԿ-ների պնդմամբ՝ չնայած կալանքից ազատվելուն, նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վարույթը դեռ շարունակվում է։ 2023 թվականի մարտի 2-3-ը և մարտի 7-9-ը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել ընդհանուր առմամբ 169 մարդու։
«Մենք կոչ ենք անում.
- ՆԳՆ-ին` դադարեցնել վարչական իրավախախտման վարույթն ակցիայի ընթացքում ձերբակալված բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց գործերը դատարանը չի քննել,
- Դատախազությանը՝ օգտվել օրենսդրությամբ նախատեսված բողոքով դատախազին դիմելու հնարավորությունից՝ չեղյալ համարելու դատարանի կողմից տուգանքների վերաբերյալ ընդունված որոշումները.
- Հատուկ քննչական ծառայությանը՝ ապահովել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման, կամայական ձերբակալությունների, կալանավորվածների նկատմամբ բռնության և այլ դեպքերի լրիվ ու օբյեկտիվ քննությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են հետևյալ ՀԿ-ները.
- «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»
- «Մարդու իրավունքների կենտրոն» / Human Rights Center
- «Վրաստանի ժողովրդավարության նախաձեռնություն»
- Women’s Initiatives Supporting Group
- «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED)
- «Իրավունքներ Վրաստան» / Rights Georgia
- «Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստան» / Open Society Georgia Foundation
- «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» — PHR