Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին Sky News-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն պոլիօրգան անբավարարություն է սպառնում:
Լրատվամիջոցը հայտնել է, որ իրենց թույլ չեն տվել հիվանդանոց մտնել, բայց փաստաբանի միջոցով Սաակաշվիլիին հարցեր են ուղղել ու գրավոր պատասխաններ ստացել։
Հարցին, թե ինչպես է գնահատում իր առողջական վիճակը, Սաակաշվիլին պատասխանել է.
«Սկզբում 120 կիլոգրամ էի, հիմա 64 եմ։ Եթե 60-ից պակաս դառնամ, բժիշկները կանխատեսում են պոլիօրգան անբավարարություն: Ես մշտապես անկողնում եմ, ոսկորներս կոտրվում են, և դա տանջալի ցավ է պատճառում»:
Sky News-ին տված հարցազրույցում երրորդ նախագահն ուղերձ է հղել հազարավոր ցուցարարներին, որոնք բողոքում էին «օտարերկրյա գործակալների» օրինագծերի դեմ։
«Շատ զգոն եղեք, պատրաստ եղեք հնարավորինս սեղմ ժամկետներում համախմբվել օլիգարխիկ ռեժիմի վրեժխնդրության դեմ»,- ասել է Սաակաշվիլին։