Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանն անցավ դժվարին և զգացմունքային օրերի միջով, բայց այդ ընթացքում ի հայտ եկան «պետության ուժը, իշխանության հաստատակամությունն ու խելքը»։
Ըստ կառավարության ղեկավարի պարզաբանման` «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման նպատակը ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների «նվազագույն թափանցիկությունն» էր և «ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը»։
«Այդ կազմակերպությունները հարյուր միլիոնավոր դոլարների ֆինանսավորում են ստացել։ Օրինակ՝ դրանց թվում է հայտնի «Սիրցխվիլիա» («Ամոթ է») ապակառուցողական շարժումը, որը ֆինանսավորվում է արտասահմանյան կազմակերպությունների կողմից, և նրանք պահանջում էին կառավարության ու իմ հրաժարականը։
Գիտենք նաև «Թբիլիսի պրայդ» սադրիչ շարժման մասին, որը նախատեսում էր խիստ սադրիչ շքերթներ անցկացնել։ EMC-ն (այսօրվա «Սոցիալական արդարության կենտրոն»)՝ կազմակերպություն, որը ծառայում է պատերազմի հրահրմանը` նույնը, ինչ ISFED-ը («Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն»), որը ընտրությունների ժամանակ զուգահեռ հաշվարկի կեղծ տվյալներ էր ներկայացնում և այլն։ Մեր խնդիրն էր իմանալ, թե ինչի է ծառայում նրանց գործունեությունը»,- ասել է Ղարիբաշվիլին:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ իշխանությունը կայացրել է «ամենաճիշտ, պետական որոշումը»՝ հետ կանչելով այդ օրենքը, և դրանով ցույց է տվել, որ թույլ չի տա որևէ մեկի ապակայունացնել իրավիճակը և Վրաստանում «սանձազերծել երկրորդ ճակատը».
«Մենք գիտեինք նրանց վատ ծրագրերի մասին, սպասվող քաոսի մասին, նրանք կարող էին իրե՛նք սպանել մի քանի երիտասարդի, ուստի ասացինք, որ այս քայլով պահպանում ենք այն, ինչը թանկ է բոլորիս համար՝ կայունությունը, ոչ թե պատերազմական քաղաքականությունը»:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ այս գործողությունների հետևում կանգնած է եղել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը», և ըստ նրա՝ ակցիայի ժամանակ բեմ ելած երիտասարդները նույնպես կապված են այդ քաղաքական ուժի հետ։
Ի դեպ, Վրաստանում, հատկապես Թբիլիսիում, խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմանը հաջորդեցին զանգվածային բողոքի ցույցերը։ Այդ նախագծով պարտավորեցնում էին ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման մեծ մասը (առնվազն 20 տոկոսը) գալիս է արտերկրից՝ գրանցվելու որպես «օտարերկրյա ազդեցության գործակալ»։
Խորհրդարանը մարտի 7-ին առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենքի նախագծին, չնայած վրացական հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչների և ընդդիմության բողոքներին ու կոչերին՝ հրաժարվել «ռուսական օրենքից»:
«Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը սադրիչ է անվանել «ռուսական օրենքի» և եվրաինտեգրման միտումնավոր խոչընդոտման մասին հայտարարությունները, իսկ օրենսդրական փոփոխության միակ նպատակն անվանել է թափանցիկությունն ու հանրության իրազեկումը։
Զանգվածային բողոքի ցույցերից հետո Վրաստանի խորհրդարանը հետ կանչեց «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը»։
Այդ օրերին Ղարիբաշվիլին պաշտոնական այցով գտնվում էր Բեռլինում։