Վրաստանը կարող է հույս դնել Ֆրանսիայի վրա. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծերի պատճառով առաջացած բողոքի մեծ ալիքին։

Մակրոնը նշել է՝ Վրաստանը, որը թեքվել է դեպի Եվրոպա, գիտի, որ կարող է հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա:

«Լսվեց վրացիների նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, լրատվամիջոցների ազատությանը և հավաքների ազատությանը»,- ասել է Մակրոնը։

Հիշեցնենք՝ րոպեներ առաջ Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։

Այսօր՝ ժամը 11:45-ին, տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստը, իսկ ժամը 12:00-ին՝ լիագումար նիստը։

Սրանք այն պահանջներն էին, որոնք ցուցարարները ներկայացրել էին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, երբ պարզ դարձավ, որ «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ որոշել են հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Մարտի 9-ին խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարները և ընդդիմադիր գործիչները համատեղ հայտարարություն էին տարածել՝ նախագահից արտահերթ նիստ և ռուսական օրենքի մերժման փաստի իրավական հիմքով արձանագրում պահանջելով:

Ավելի ուշ՝ իշխող կուսակցությունը բավարարեց ցուցարարների պահանջներն ու հայտարարեց բյուրոյի և լիագումար նիստերի մասին:

Նիստերը անցնում են բողոքի ակցիաների ուղեկցությամբ։