Մարտի 10-ին, ժամը 11-ին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի կունենա հերթական բողոքի ակցիան։ Ռուսթավելիի պողոտայում հավաքված կազմակերպիչները որոշեցին հանրահավաք անել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ վաղը՝ ժամը 12-ին, խորհրդարանում լիագումար նիստ է նախատեսված։
Խորհրդարանի մամուլի գրասենյակից լրատվամիջոցներին փոխանցել են, որ մարտի 10-ին օրակարգում կլինի միայն մեկ հարց՝ «օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման «դնել»։
Նշենք, որ մարտի 9-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք։
Հանրահավաքի մասնակիցները երկու հիմնական պահանջ ունեին՝ ազատ արձակել մարտի 7-9-ը ցույցի ցրման ժամանակ ձերբակալված 133 անձանց և անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը։
Հանրահավաքի մեկնարկից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնեց, որ սույն թվականի մարտի 7-ին և 8-ին խորհրդարանի հարևանությամբ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ օրենսգրքով սահմանված կարգով ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել։
Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, մարտի 7-8-ը Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 133 մարդու։
Բողոքի ակցիայի ժամանակ ընդդիմադիր «Լելոյի» պատգամավոր Անա Նացվլիշվիլին ասաց, որ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները նախագահից պահանջում են խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել։
«Մենք՝ խորհրդարանի պատգամավորներս, դիմում ենք Վրաստանի նախագահին՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով և ռուսական օրենքի չընդունման փաստն արձանագրելու իրավական հիմքով ու սահմանադրությանը համապատասխան», — ասել է Նացվլիշվիլին։
Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցը մեկնարկեց Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության օրհներգերով։ Ռուսթավելիի պողոտան կաթվածահար էր։ Ցուցարարները վանկարկում էին «Չենք հավատում», այդպիսով բողոքելով իշխող կուսակցության հայտարարության դեմ։
Բողոքի ցույցին արձագանքեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա նշեց, որ կառավարությունը չպետք է համարձակվի և փորձի բևեռացումը սրել տագնապած հասարակության շրջանում, որը գիտի, թե ուր է գնում և ինչպես պետք է գնա։
Նախագահը շնորհավորեց վրաց հասարակությանն առաջին նմանօրինակ հաղթանակի կապակցությամբ և ողջունեց կառավարության կողմից օրինագծերի մերժումը։
Նա վերահաստատեց իր խոստումը, որ վետո կդնի ցանկացած օրենքի վրա, որը չի համապատասխանի եվրոպական չափանիշներին։
Կարդացեք նաև՝
«Օտարեկրյա գործակալների» օրինագծերի հետկանչն ու մարտի 8-ի իրադարձությունները