Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, կառավարությունը չպետք է համարձակվի և փորձի բևեռացումը սրել տագնապած հասարակության շրջանում, որը գիտի, թե ուր է գնում և ինչպես պետք է գնա։
Նախագահը շնորհավորել է վրաց հասարակությանն առաջին նմանօրինակ հաղթանակի կապակցությամբ։
Զուրաբիշվիլին ողջունել է կառավարության կողմից օրինագծերի մերժումը։ Ըստ նրա՝ կառավարությունը որոշում է ընդունել՝ հաշվի նստելով ժողովրդի` իրական իշխանության հետ։
«Ժողովրդի այս կամքը արտակարգ ձևով արտահայտվեց ոչ միայն Վրաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Մեր բոլոր գործընկերները տեսան այս արտակարգ վերաբերմունքը Վրաստանի եվրոպական ճանապարհի և իսկապես ժողովրդի կամքի նկատմամբ։
Միաժամանակ, դա ապաբևեռացման առաջին նշանն էր, քանի որ բոլորը համախմբված էին այս մեկ նպատակի շուրջ, և հասարակության այս միավորումը շատ տեսանելի էր։ Այս միությունը մեկ օրվա համար չէ։ Վստահ եմ, որ այս միությունն իրեն դրսևորելու է դեպի Եվրոպա մեր ճանապարհի ցանկացած փուլում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ ինքը վետո կդնի ցանկացած օրենքի վրա, որը չի համապատասխանի եվրոպական չափանիշներին։
«Այս վետոն այլևս դատարկ վետո չէ, քանի որ այս վետոյի թիկունքում դուք եք կանգնած։ Ես հպարտանում եմ Վրաստանի երիտասարդությամբ և ոչ միայն երիտասարդությամբ։ Ես հպարտ եմ բոլոր այն մարդկանցով, ովքեր դուրս են եկել, արտահայտել են իրենց կամքն ու իրենց եվրոպականությունը։
Սա Վրաստանի պատմության մեջ առաջին անգամը չէ. դուք մեզ ցույց տվեցիք ապաբևեռացումը։ Իշխանությունը չպետք է համարձակվի և փորձի բևեռացնել այս խաղաղ հասարակությանը, որը գիտի, թե ուր է գնում և ինչպես պետք է գնա։ Ես ձեր կողքին եմ և ձեր կողքին կլինեմ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահից արտահերթ նիստ և ռուսական օրենքի մերժման փաստի իրավական հիմքով արձանագրում են պահանջում