Նախագահից արտահերթ նիստ և ռուսական օրենքի մերժման փաստի իրավական հիմքով արձանագրում են պահանջում

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ընդդիմադիր «Լելոյի» պատգամավոր Անա Նացվլիշվիլին ասել է, որ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները նախագահից պահանջում են խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել։

«Մենք՝ խորհրդարանի պատգամավորներս, դիմում ենք Վրաստանի նախագահին՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով և ռուսական օրենքի չընդունման փաստն արձանագրելու իրավական հիմքով ու սահմանադրությանը համապատասխան», — ասել է Նացվլիշվիլին։

Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցը մեկնարկել է Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության օրհներգերով։

Ի դեպ, խորհրդարանի դիմաց բողոքի ակցիան վերսկսվել է։ Ցույցը բազմամարդ է։ Ռուսթավելիի պողոտան կաթվածահար է։ Ցուցարարները վանկարկում են «Չենք հավատում», այդպիսով բողոքելով իշխող կուսակցության հայտարարության դեմ։

Նշենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, մարտի 7-8-ը Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 133 մարդու։

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն  «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը: