Երեկվա օրը համառոտ. մարտի 9

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արձագանքել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը: Կվիրիկաշվիլին նշել է, որ վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց եվրոպական արժեքներին և արեւմտյան ժողովրդավարական ընթացքին իր նվիրվածությունը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և քաղաքապետի երկրորդ տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորել են 100 տարվա շեմը հատած կանանց։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն  «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը:

Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտը (DRI) արձագանքել է իշխող կուսակցության խորհրդարանական մեծամասնության մարտի 9-ի հայտարարությանը, որը վերաբերում է «գործակալների մասին» ռուսական օրենքի առաջին տարբերակի հետկանչմանը։

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նիստից հետո կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ճեպազրույցում հայտարարել է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծերը այլևս չեն քննարկվի Վենետիկի հանձնաժողովում։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով կժամանի Վրաստան՝ երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

Մարտի 9-ին քաղաքացիական ակտիվիստ Ակակի Սաղինաձեի տան դարպասին և մայթին անհայտ անձը հետևյալ գրառումն է արել. «Այստեղ նացիստների առաջադրանքը կատարող լրտես է ապրում»։

Եվրախորհրդարանի պատգամավոր Գայ Վերհոֆշտադն արձագանքել է վերջին շրջանում Վրաստանում կատարվող իրադարձություններին, մասնավորապես բողոքի ցույցերին` իր էջում տեղադրելով Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցը պատկերող տեսանյութ։

Միջազգային լրատվամիջոցներն արձագանքում են Վրաստանի իշխող կուսակցության՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծերը հետ կանչելու որոշմանը։

Եվրախորհրդարանական Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը:

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, անդրադառնալով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, ասել է, որ դա վերջնական հաղթանակը չէ` հաղթանակի սկիզբն է։

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, անդրադառնալով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, ասել է, որ Կրեմլը նահանջել է՝ օրինագծերը կդնեն դարակը, իշխանությունների դեմքը բացված է՝ դարանակալված են, պահ են փնտրում Վրաստանին եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրումից հեռացնելու համար:

Վրաստանի խորհրդարանում այս շաբաթ լիագումար նիստեր չեն գումարվի:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը ողջունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը։