Միջազգային լրատվամիջոցներն արձագանքում են Վրաստանի իշխող կուսակցության՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծերը հետ կանչելու որոշմանը։
BBC-ն գրում է, որ իշխող կուսակցությունն այդ որոշումը կայացրել է օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հետևանքով 2 օր շարունակ ընթացող լայնածավալ ցույցերից հետո։
««Վրացական երազանք»-ը նշում է, որ որոշումը կայացվել է հույզերը հանդարտեցնելու համար, և առաջիկայում հանրությանը ավելի պարզ կբացատրվի օրինագծի իմաստը։ Ընդդիմադիր կուսակցություններն ասում են, որ չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիաները։ Նրանք նաև պահանջում են ազատ արձակել ձերբակալվածներին»,- գրում է BBC-ն։
Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ չնայած օրենքի նախագծի հետկանչմանը, ընդդիմությունը չի վստահում կառավարությանը և մտադիր է շարունակել ցույցերը։
The Guardians-ը ևս հոդված է հրապարակել օրինագծերի հետկանչի որոշման վերաբերյալ։
«Հազարավոր մարդիկ միավորվել են ընդդեմ օրինագծի, որը ենթադրում է ավտորիտար փոփոխություն Վրաստանում, և որը կարող է խոչընդոտել Վրաստանի Եվրամիություն անդամակցությանը։ Կառավարական թիմի որոշումը ողջունում է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը»,- գրում է The Guardian-ը։