Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, անդրադառնալով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, ասել է, որ դա վերջնական հաղթանակը չէ` հաղթանակի սկիզբն է։
Գախարիան, շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են Վրաստանի եվրոպական ապագայի համար։
«Սկսենք շնորհակալությունից: Շնորհակալություն երիտասարդներին։ Շնորհակալություն մեր բոլոր օտարերկրյա բարեկամներին՝ Եվրամիությանը, ԱՄՆ-ի վրաց ժողովրդի եվրոպական ընտրությանն անսասան աջակցության համար: Վրաստանի տեղը Եվրոպայում է:
Այս օրենքի նախաձեռնումը, աջակցությունն ու հետկանչը բոլորին ցույց տվեց, որ այսօր երկիրը կառավարվում է մեկ մարդու վախերով ու ընկալումներով։ Եկել է ժամանակը, որ բոլորը, առաջին հերթին՝ հանրային սեկտորը, ընտրություն կատարեն՝ ծառայում ես մեկ անձի՞, թե ծառայում ես երկրին։
Վրաստանը Եվրոպա է: Անհրաժեշտ է ստանալ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, ուժը միայն միասնության մեջ է»,- գրել է Գախարիան։
Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Խորհրդարանի կանոնակարգում սահմանված չէ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի հետկանչը. իրավաբան