Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնում է, որ Ռուսթավելի պողոտայում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում «ռուսական օրենքի» դեմ, ցույցի մասնակիցների մոտ հայտնաբերվել են լողի ակնոցներ, հեծանվային սաղավարտներ, «փաուերբանկեր», ներկեր և այլ առարկաներ։
Հայտնաբերված իրերի թվում, ըստ ՆԳՆ-ի՝ կա նաև մահակ և պիրոտեխնիկա։ Ըստ ՆԳՆ-ի՝ բողոքի ակցիան անվտանգ անցկացնելու և կարգուկանոն պահպանելու նպատակով ևս 10 մարդ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն ձերբակալվել է՝ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով։
«Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, ըստ որի՝ իրավապահ մարմինների ծառայողն իրավասու է անձի նկատմամբ մակերեսային զննում իրականացնել միայն նրա հագուստի արտաքին մակերեսին հպվելով, ոստիկանության ծառայողները իրականացրել են մակերեսային զննում և պարզվել է, որ նրանք գնում էին խորհրդարանի շենքի հարևանությամբ անցկացվող բողոքի ակցիայի՝ իրենց հետ տանելով բռնի գործողությունների համար նախատեսված իրեր»,- հայտնել են ՆԳՆ-ից։