Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց կանանց՝ ընդդեմ տոտալ վերահսկողության մանիֆեստով։ Մի խումբ քաղաքացիներ քայլերթով, պաստառներով, «Դեմ ենք ռուսական օրենքին» և նման այլ վանկարկումներով Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի խորհրդարան։
Մանիֆեստի հեղինակները հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական շարժումներն են։ Կազմակերպիչներն ընդգծել են, որ մանիֆեստի միջոցով կանայք պայքարում են ռուսական օրենքի դեմ։
«Ալիք մեդիան» զրուցեց կազմակերպիչ ՀԿ-ներից մեկի՝ Femina-ի ներկայացուցիչ Նինո Կղվիրիլիանիի հետ։
«Այս օրենքը կարծում եմ ավելի շատ կվնասի հենց կանանց, քանի որ հիմնականում տղամարդիկ են աշխատում պետական, իսկ աշխատող կանանց մեծ մասը՝ հասարակական ոլորտում, հետևաբար անհրաժեշտ է պայքարել իրենց զարգացմանը, աշխատանքի հնարավորությանը խոչընդոտելու դեմ։ Մենք չե՛նք ենթարկվի տոտալ վերահսկողությանը և կպայքարենք ռուսական օրենքի դեմ, այսօր սա է մեր առաջնային նպատակը․ չկարծեն, թե կանայք թույլ են, մենք դա վերաապացուցեցինք երեկ, մերօրյա հերոս կնոջ պայքարով, որի դիմանկարն այսօր արագորեն տարածվեց համացանցում», — ասաց Կղիրիլաշվլիլին։
Մանիֆեստի մասնակիցներից մեկը՝ ուսանողուհի Անա Կվիրիկաշվիլին նշում է, որ բողոքի ցույցին կանայք միշտ էլ ակտիվ մասնակցել են, սակայն այսօր՝ նրանց համար յուրահատուկ օրը, Վրաստանի կանայք իրենց հայրենիքին են նվիրում․
«Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, այս տարի իր երկրի ապագայով մտահոգ կանանց մի մասը նվիրում է Վրաստանի եվրոպական ապագային, որպեսզի մյուս մարտի 8-ին արդեն լինենք եվրոպական ընտանիքում։ Ես բազում եվրոպական ծրագրերի եմ մասնակցել, սովորել եմ նաև ԱՄՆ-ում, այս դեպքում և ուսանող, և կին, և ուղղակի քաղաքացի, ում հուզում է իր երկրի ապագան․ ուզում եմ բոլորին կոչ անել գալ Ռուսթավելի պողոտա, այն ոգևորությամբ, ինչպես այս կանայք արեցին», — նշում է նա։
Նշենք, որ մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որի իրական գաղափարը կանանց իրավունքների պաշտպանությունը տղամարդկանց հետ հավասար իրավասությունների ձեռքբերումն է։ Տասնամյակներ առաջ այս օրը տոնվում էր, որպես հեղափոխական կանանց օր, ովքեր պայքարում էին հակառակ սեռի հետ միևնույն հարթակի վրա կանգնելու համար։
Տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:
Կես դար անց՝ 1908-ի նույն օրը, Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:
Հիշեցնենք, որ Մարտի 7-ին, Վրաստանի խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաները Թբիլիսիում վերսկսել էին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի փաթեթին առաջին ընթերցմամբ հավանություն տալուց հետո:
Օրվա մասին ամփոփ կարդացեք ստորև՝
«Ռուսական օրենքի» ընդունումն ու հետևանքները. Թբիլիսին մարտի 7-ին
Վրաստանում բողոքի ակցիաները սկսվեցին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրական փաթեթը խորհրդարանում շրջանառության դրվելուց հետո։
Այն երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը»։
Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։ Բացի այս, ըստ օրինագծի, Վրաստանում կստեղծվի օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստր, որտեղ էլ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները պարտավոր կլինեն գրանցվել: Հրաժարվելու դեպքում՝ նրանց կգրանցեն մեխանիկորեն, այնուհետև կտուգանեն 25 հազար լարիով, իսկ տուգանքը չվճարելու դեպքում՝ ևս տասը հազար լարիով: Այս տուգանքը չվճարելու դեպքում՝ կազմակերպության բոլոր հաշվեհամարները կարգելափակվեն:
Թբիլիսիում մեկնարկել է կանանց մանիֆեստ՝ ընդդեմ տոտալ վերահսկողության