Ի պատասխան այն տեղեկությունների, որ Վրաստանի խորհրդարանը քննարկում է ռուսաստանյան «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի կրկնօրինակը, որը կկասեցնի Վրաստանի քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի գործունեությունը, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը, համանախագահ Բեն Կարդինը, անդամներ Սթիվ Ջոնը և Ռոջեր Ուիկերը համատեղ հայտարարություն են տարածել, փոխանցում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Հայտարարության մեջ նշվում է՝ անկախության վերականգնումից հետո վրաց ժողովուրդը հստակ և հետևողականորեն նախընտրեց լինել ժողովրդավարական եվրատլանտյան համայնքի անդամ։
Ըստ նրանց՝ այնուամենայնիվ, եթե հակադեմոկրատական, ռուսական ոճով օտարերկրյա գործակալների մասին օրենքը ուժի մեջ մտնի, այն կժխտի վրաց ժողովրդի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու ձգտումը և կընդգծի վրացական ժողովրդավարության արագ անկումը։
«Դա նաև ցույց կտա ներկայիս կառավարության աճող մտերմությունը Ռուսաստանի հետ, այն նույն երկրի, որը գրավել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, առևանգում է նրա քաղաքացիներին, անտեսում է նրա ինքնիշխանությունը և ցեղասպանական պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ:
Այս օրենքը, ինչպես նաև շարունակվող ժողովրդավարական հետընթացը, ներառյալ քաղաքական հակառակորդների ձերբակալությունը, հարձակում է մեր ռազմավարական գործընկերության և վրաց ժողովրդի արևմտյան ընտրությունների վրա: 1991 թվականից ի վեր Միացյալ Նահանգները վրաց ժողովրդի ամուր և հաստատուն բարեկամն է: Իշխանության դիրքորոշումից անկախ` սա չի փոխվի»,- նշված է հայտարարության մեջ:
Նրանք կոչ են անում Վրաստանի կառավարությանը մերժել նախաձեռնված օրինագիծը և վերստին հավատարիմ մնալ ժողովրդավարությանը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին, առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերը խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: