Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Ժողովրդի ուժը» շարժման հեղինակած «Օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրական նախաձեռնությանը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը խորհրդարանական երկրորդ մարմինն է, որ աջակցում է օրենսդրական այս փաթեթին։
Օրենքի նախագծերի քննարկումն այս անգամ ևս անցել է լարված մթնոլորտում և բողոքի բազմամարդ ակցիայի ուղեկցությամբ։
Պատգամավորների միջև քաշքշոց ու ծեծկռուտք է տեղի ունեցել, մթնոլորտը թեժացել է, երբ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին և ընդդիմադիր պատգամավոր Լևան Խաբեիշվիլին հարվածել են միմյանց։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: