ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) իրավական եզրակացություն է պատրաստում Վրաստանում մեծ աղմուկ հանած «օտարերկրյա գործակալների» օրենսդրական փաթեթի վերաբերյալ։ Այս մասին կազմակերպությունը տեղեկացրել է Twitter-ի իր էջում։
«Խոսքի և հավաքների ազատությունը ժողովրդավարության հիմքն է։ ԺՀՄԻԳ-ը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի վերաբերյալ իրավական եզրակացություն է պատրաստում, որպեսզի գնահատի դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին, մենք այս կարևոր հարցում կհամագործակցենք միջազգային գործընկերների հետ»,- գրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը:
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովներն արդեն հավանություն են տվել օրինագծերին: