Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հերթական անգամ կոչ է արել Վրաստանի խորհրդարանին չընդունել «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը:
Դեգնանը ևս մեկ անգամ նշել է, որ թափանցիկության խնդիրն արդեն չկա, և օրենքը կործանարար ազդեցություն կունենա հասարակական կազմակերպությունների և խմբերի վրա։
«Մենք ջանք չենք խնայում կառավարությանը համոզելու կամ հորդորելու չընդունել այս օրինագիծը: ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Եվրախորհուրդը, Վրաստանի շատ բարեկամներ խորը մտահոգություն են հայտնել այս օրինագծի առնչությամբ, որը, հավանաբար, կխաթարի քաղաքացիական հասարակությանը, կլռեցնի անկախ լրատվամիջոցները և կճնշի ձայները, ինչպես դա եղավ Ռուսաստանում և Ռուսաստանի նման այլ երկրներում»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
Դեգնանը նաև կոչ է արել Վրաստանի խորհրդարանին՝ վերանայել օրենսդրական այս փաթեթը:
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովներն արդեն հավանություն են տվել օրինագծերին: