«Երիտասարդական եվրոպական խորհրդարան-Վրաստանի» (EYP) հիմնադիրները, հանձնաժողովը, նախկին և ներկա անդամներն արձագանքել են Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության գործակալների մասին» փաթեթին՝ նշելով, որ օրենքի ընդունումն անուղղելի վնաս կհասցնի երկրի եվրոպական ապագային:
«Մեզ համար՝ որպես եվրոպական արժեքների վրա հիմնված երիտասարդական կազմակերպություն, կարծում ենք, որ նախաձեռնված օրինագիծն անուղղելի վնաս կհասցնի մեր երկարաժամկետ ջանքերին, վրացի երիտասարդներին, ովքեր դեռ դպրոցական տարիքից ծանոթ են Եվրամիության ընթացիկ իրադարձություններին, համագործակցություն են հաստատել իրենց եվրոպացի գործընկերների հետ:
Եվրոպական արժեքները նշանակում են նաև փորձի փոխանակում։ Ցավոք, խորհրդարանում նախաձեռնված ռուսական օրենքը նորություն չէ մեր ցանցի համար։ Հենց նմանատիպ օրենսդրության ընդունումն էր, որ սահմանափակեց EYP-ի գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսում, որտեղ երիտասարդների ներգրավումը EYP-ի գործունեությանը քրեական հանցագործություն է դարձել: Նշված երկրների մեր գործընկերները ստիպված են եղել լքել հայրենիքը սպառնալիքների ավելացման պատճառով»,- նշված է հայտարարության մեջ:
Նրանք պահանջում են օրենսդիր մարմնից հետ կանչել Վրաստանի քաղաքացիների եվրոպական ապագային սպառնացող օրենքի նախագիծը և թույլ չտալ, որ Վրաստանը լինի հաջորդն այն երկրների ցանկում, որտեղ երիտասարդների եվրոպական նկրտումն ապօրինություն է համարվում:
Հայտարարությանը կցվում են կազմակերպության 162 նախկին և ներկա անդամների ստորագրությունները, ցուցակը թարմացվում է:
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին: Նիստն անցել է պատգամավորների միջև ծեծկռտուքի և բողոքի ակցիաների ֆոնին։