Ամերիկյան օրենքը չի տարածվում գործընկերների վրա. ՎԱՊ

«Վրաստանի ազգային պլատֆորմը» (ՎԱՊ) հայտարարություն է տարածել «Օտարերկրյա գործակալների» օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ նշելով, որ ամերիկյան օրենքի վրացական խմբագրության մեջ միտումնավոր բաց է թողնվել 613-րդ հոդվածը (բացառություններ/ EXEMPTIONS) և կարևոր կետերից մեկը՝ «f»-ն (FARA)։

Ըստ նրանց՝ ամերիկյան օրենքի «f» բաժնում ասվում է, որ երկրի գործընկերները և նրանց ներկայացուցիչները համարվում են բացառություններ, և նրանց վրա չի տարածվում որպես «օտարերկրյա գործակալ» գրանցվելու պարտավորությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ իրենք այս հանգամանքը բացահայտել են օրենքի նախագծի մանրամասն ուսումնասիրության արդյունքում։

«Համաձայն նշված պարբերության՝ Միացյալ Նահանգների նախագահը սահմանում է այն երկրների ցանկը, որոնք կարևոր են Միացյալ Նահանգների պաշտպանության և անվտանգության համար, քանի որ գործընկերները և նրանց ներկայացուցիչները համարվում են բացառություն և ենթակա չեն գրանցման օտարերկրյա երկրի գործակալ գրանցվելու պարտավորության։

Նորմը գիտակցաբար բաց թողնելը հիմնովին փոխում է բովանդակությունը։ Մեծամասնության ներկայացուցիչների (Վրաստանի-խմբ.) նախաձեռնած «ամերիկյան օրենքը» տարածվում է նաև գործընկեր երկրների վրա՝ միատեսակ մոտեցում ստեղծելով թշնամական և դաշնակից երկրների նկատմամբ։

Ամերիկյան իրավունքի այս միտումնավոր խեղաթյուրումը վնասում է Վրաստանի հարաբերությունները երկրի ռազմավարական գործընկերների հետ։ Սրանով ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ չի կարելի առաջին ընթերցմամբ ընդունել այս օրենքների նախագծերը»,- նշված է հայտարարության մեջ։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: 

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին: Նիստն անցել է պատգամավորների միջև ծեծկռտուքի և բողոքի ակցիաների ֆոնին։