Օքսանա Թորոսյանի կյանքի հետաքրքիր ու անսովոր պատմությունը մոտիվացիայի աղբյուր կարող է դառնալ բազմաթիվ երիտասարդների համար։
Ծնվելով և մեծանալով Ծալկայի շրջանի գյուղերից մեկում՝ Դարակովում, Օքսաննայի երազանքը մեկն էր՝ Հնդկաստանն ու հնդկերենը։
Նախնական կրթությունը ստացել է հարազատ գյուղի դպրոցում, այնուհետև ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Թբիլիսի և ընդունվել «Պուշկինի», այժմյան Իլիայի պետական համալսարան։ Ավարտելուց հետո աղջկա առջև բացվել է մի հնարավորություն, որը տարել է նրան դեպի մեծ երազանքը։
Ասում է՝ նպատակը մանկուց է, երբ 8-9 տարեկան էր․ հնդկական ֆիլմեր դիտելով, հստակ նպատակ է դրել՝ սովորել հնդկերենն ու գնալ երազանքների երկիր։ Հարցին, թե ինչու հենց Հնդկաստանը, պատասխանում է․ «Հնդկաստանն ինձ համար եղել է ու կլինի երկրների երկիրը, ես ամեն օր մի նոր բան եմ հայտնաբերում այս երկրի զարմանահրաշ քաղաքակրթության, մշակույթի և ավանդույթներով հարուստ նիստուկացի մեջ»։
«Ուսումս շարունակելու նպատակով Թբիլիսի տեղափոխվելուց հետո հասկացա, որ պետք է ամեն գնով ի կատար ածեմ երազանքս, որը տարիներ շարունակ ուղեկցում էր ինձ։ Որոշեցի գտնել հնդկերենի մասնագետ և սկսել լեզուն սովորել։ Ինչպես ասում են, հեռու փնտրեցի, մոտիկ գտա», — նշում է Օքսանան։ Պարզվել է, որ իր դասախոսներից մեկը՝ պրոֆեսոր Եվգենիա Խաչատուրովան հենց հնդկերենի մասնագետ է։ «Հետագայում տիկին Եվգենիան դարձավ կյանքիս ամենակարևոր մարդկանցից մեկը՝ իր մեծ ներդրումն ունենալով երազանքիս իրագործման հարցում», — ասում է Օքսանան։
Համալսարանի դասերին զուգահեռ ուսումնասիրում էր հնդկերենը, մասնակցում Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպած մրցույթներին: «Հերթական անգամ Հնդկաստանի դեսպանատունը հայտարարել էր հնդկերենի իմացության մրցույթ, որի շրջանակներում հաղթող մասնակցին ուղարկում էին Հնդկաստան՝ հնդկերենի վերապատրաստման դասընթացների։ Ստացվեց այնպես, որ ես հաղթեցի մրցույթում և հայտնվեցի երազանքներիս երկրում, հենց այն քաղաքում, որտեղ գտնվում է Թաջ-Մահալը», — պատմում է Օքսանան։
Հնդկաստանում ապրելու ու սովորելու ընթացքում Օքսանայի համար այդ երկիրն այնքան հարազատ է դարձել, որ որոշել է շարունակել կրթությունն այնտեղ։ Առաջին համալսարանը, որտեղ սովորել է, Ագրա քաղաքի հինդի լեզվի կենտրոնական ինստիտուտն էր, որն ավարտելուց հետո ընդունվել է Լքնաուի համալսարանի տուրիզմի կառավարման բաժինը, իսկ մագիստրատուրան ավարտել է Գուռու Ջամբհեշվար համալսարանի ընդհանուր ժուռնալիստիկայի բաժնում։ Այժմ սովորում է Ջամիայի համալսարանում և աշխատում դեսերտացիայի վրա, որը վերաբերում է Հարավային Կովկասին։
«Բնականաբար բազում դժվարությունների եմ բախվել, մանավանդ սկզբում, երբ դեռ նոր էի տեղափոխվել, անծանոթ երկիր, երբ ամեն ինչ պետք էր սկսես զրոյից՝ միայնակ, ընտանիքից ու հայրենիքից հեռու, մի մեծ տոպրակ վախերով զինված։ Այս ամենը, սակայն, անցողիկ է, ժամանակի հետ հարմարվում ես դրանց: Կարծում եմ ամեն ինչում և ամենուր կան դժվարություններ, բայց եթե ունես նպատակ, մոռանում ես ամեն բան, հստակ քայլերով գնում դեպի երազանքդ։ Անհաղթելի ու անասելի դժվար է միայն կարոտի զգացումը․․․», — ասում է Օքսաննան։
Այսօր ինքն իրեն հաջողակ մարդ է համարում․ կարողացել է մանկության երազանքն իրականացնել։ Ասում է՝ դա ամենամեծ հաջողությունն է՝ հիշելով․ «Մութ ու ցուրտ 90-ականներին, երբ էլեկտրականության խնդիր էր ամենուր, մեր գյուղում այս խնդիրը ավելի վառ էր արտահայտված, տնից-տուն էինք շրջում՝ ֆիլմ դիտելու։ Իմ սերը հնդկական ֆիլմերի հանդեպ շատ մեծ էր։ Ֆիլմերում ինձ այդքան չէին գրավում դերասաններն ու բովանդակությունը, ինչքան հենց լեզուն։ Մի փոքրիկ նոթատետր ունեի, որի մեջ գրում էի այն հնդկերեն բառերը, որոնք հաջողվել էր լսել թարգմանության տակից։ Լեզվի սովորելու առաջին փորձերը հենց այդ շրջանում են սկսվել։ Ես ինձ խոստացել էի, որ ամեն գնով պիտի գնայի Հնդկաստան և սեփական աչքերով տեսնեի Թաջ-Մահալը։ Տարիներ անց ի վերջո ես կարողացա իրագործել փոքրիկ Օքսանայի երազանքը, ի՞նչ է դա, եթե ոչ իրական հաջողություն»։
Օքսանայի հեղինակությամբ թարգմանված Հովհաննես Թումանյանի «Գիքորը» տպագրվել է հնդկական «Ադհան» և «Կթհադեշ» գրական հայտնի ամսագրերում։ «Մերօրյա Հնդկաստանում մինչ օրս կան Գիքորներ, Դելիի փողոցներում հաճախ հանդիպում եմ գյուղերից եկած երեխաների, ովքեր ծառայում են հարուստների տներում։ Նրանք հիշեցնում են Գիքորին։ Թարգմանելիս ցանկացել եմ Գիքորի պատմությամբ մի քիչ խղճահարություն արթնացնել այն մարդկանց մեջ, ովքեր իրենց տներում ծառայող գիքորներ ունեն։ Երեխայի պարտականությունը կարծում եմ դպրոց գնալն է, սովորելը, խաղալը, ոչ թե գիքորություն անելը», — ասում է նա։
«Գիքորը» բավականին մեծ հաջողության է հասել Հնդկաստանում, ներկայացվել է անգամ մի շարք ուսհաստատություններում, դպրոցներում։
«Հաջորդ թարգմանությունս վերաբերում է վրաց գրականությանը», — նշում է Օքսաննան՝ հավելելով, որ այդ մասին փակագծերը, սակայն, կբացի ավարտելուց հետո։
Ապրելով Հնդկաստանում, կապ է պահպանում տեղի հայ համայնքի և վրացական դեսպանատան հետ, ընկերներ ունի և՛ Վրաստանից, և՛ Հայաստանից։ Ընդհանուր առմամբ նշում է, որ տեղի հայ համայնքը բավականին ակտիվ է, իսկ վրացական համայնք, ցավոք, չկա Հնդկաստանում։
Խոսելով իր հաջողություններից Օքսանան նշում է․ «Հաջողությանս գրավականը նպատակասլացությունն է։ Հստակ նպատակ ունենալը և ջանասիրաբար դեպի այն քայլելն է ինձ հաջողություն բերում։ Ամեն դեպքում ինչ էլ պատահի, պիտի չթողնես, որ որևէ դժվարություն խոչընդոտ դառնա նպատակիդ ճանապարհին»։
Աննա Թորոսյան, ստաժոր