Թբիլիսիի փողոցներում պաստառներ են հայտնվել «Անհայրենիք դավաճաններ» և «Եկեղեցուն հայհոյող լրտեսներ» մակագրությամբ։
Պաստառների վրա ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Նրանց թվում են Էլենե Խոշտարիան, Լևան Բերձենիշվիլին, Գիորգի Գախարիան, Մամուկա Խազարաձեն, Դավիթ Ուսուփաշվիլին, Նինո Լոմջարիան և Էկա Գիգաուրին։
Նշենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը քննարկում է «Օտարերկրյա թափանցիկության մասին» օրինագիծը։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերը խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Օրինագծերից առաջինը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։
Երկրորդը, ԱՄՆ-ում նացիստական քարոզչությունը կանխելու համար 1938 թվականին ընդունված ամերիկյան FARA օրենքի թարգմանությունն է, որը վերաբերում է օտարերկրյա լոբբիստական կազմակերպություններին և լոբբիստներին։
Ընդգծենք՝ օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին: Նիստն անցել է պատգամավորների միջև ծեծկռտուքի և բողոքի ակցիաների ֆոնին։