Վրաստանի գիտական անձնակազմին, գիտաշխատողներին, բարձրագույն կրթության ադմինիստրատորներին և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին անհանգստացնում են խորհրդարանում քննարկվող «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծերը։ Այս առթիվ manifest.ge հարթակում սկսվել է ստորագրահավաք՝ օրինագծերի դեմ։
«Մենք կարծում ենք, որ եթե դրանցից որևէ մեկն օրենք դառնա, իշխանությունը կտիրապետի հասարակության վերահսկման պոտենցիալ տոտալիտար գործիքների։
Մենք հավատում ենք, որ կրթությունն ազատ և արդար հասարակության հիմքն է, որի ապահովման գործում մենք՝ բարձրագույն կրթության և ակադեմիական հետազոտությունների ինստիտուտները, հիմնական դերակատարներն ենք: Մենք այդ գործառույթն իրականացնում ենք տարբեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, որոնք ստեղծվել են միութենական և ձեռնարկատիրական ազատությունների հիման վրա և կազմում են Վրաստանի քաղաքացիական հասարակությունը», — նշված է հայտարարության մեջ։
«Օտարերկրյա գործակալների» օրենքը կսահմանափակի ինչպես մեր գործընկեր քաղաքացիական և մեդիա կազմակերպությունների, այնպես էլ բարձրագույն կրթության և հետազոտական գործունեությունը:
Տեղեկության համաձայն, հարկավոր է հավաքել 100 հազար ստորագրություն։