Թամար Տալիկաձեն, ում իրավունքները պաշտպանում են «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական կազամակերպության փաստաբանները, մտահոգված է «ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնած օրինագծերով։
«Ես երբեք չէի կարողանա պաշտպանել իմ, տղայիս ու թոռան իրավունքները, երբեք չէի կարողանա այդքան գումար հավաքել մասնավոր փաստաբան վարձելու համար և տարիներ շարունակ ընտանեկան բռնության զոհ դարձած, կստանայի միայն տուժողի կարգավիճակ:
Այն որ այսօր դատարանը քննում է մեր գործը, դա հասարակական կազմակերպության շնորհիվ է»,- ասել է Տալիկաձեն «Ազատություն» ռադիոկայանին։
Թամար Տալիկաձեն մի քանի տարի է հիշյալ հասարակական կազմակերպությունից ստանում է իրավաբանական օգնություն։ Ուստի այսօր, երբ քննարկվում են «Գործակալների մասին օրինագծերը», նա մտավախություն ունի, որ եթե օրենքն ընդունվի, ինքը, իր ընտանիքը և նմանատիպ խնդիրներ ունեցող այլ անձինք կմնան առանց նման կարևոր աջակցության։
«Բոլորս, այդ թվում ինձ նման հասարակ մարդիկ, պետք է պայքարեն, որպեսզի խորհրդարանը չընդունի այս օրենքը։ Հասարակությունն է, որ պետք է հասկանա, որ այս օրենքը վերաբերում է ոչ միայն հասարակական կազմակերպություններին և նրանց առկայությանը կամ բացակայությանը, դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ ընտանեկան բռնության զոհ դարձածներին, սոցիալապես անապահովներին, բոլոր նրանց, ում իրավունքները երկրում ամեն քայլափոխի ոտնահարվում են։
Ես մասնակցելու եմ բոլոր հանրահավաքներին ու ակցիաներին՝ թույլ չտալու օրենքը ընդունումը, որն առաջին հերթին սպառնում է մեզ՝ հասարակ քաղաքացիներիս», — նշել է նա։