Քաղաքացիական հասարակության մի մասի, լրատվամիջոցների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարանին ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծի:
Բողոքի ակցիան մեկնարկել է դեռևս այն ժամանակ, երբ քաղաքացիական հասարակության մի մասին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մասնակցել արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստին: Բողոքի ցույցի մասնակիցները նշել են, որ «Վրացական երազանքը» ցանկանում է սկսել «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագծի քննարկումը։
Այս պահին խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարները վեր են պարզել Վրաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի դրոշներն ու հետևյալ կարգախոսներով պաստառներ.
- «Ո՛չ ռուսական օրենքին»,
- «Ո՛չ պուտինիստներին»:
Ի դեպ, ցույցն ինքնաբուխ է: