Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ Վերաքննիչ դատարանն առանց բանավոր լսումների քննարկել և ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը, ըստ որի՝ մերժվել է առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլիին ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։
Խաճապուրիձեն նշել է, որ ընթացակարգային առումով նման որոշումը չի կարող բողոքարկվել Գերագույն դատարան, իսկ եթե կողմը որոշի, այնուամենայնիվ, բողոքարկել, ապա գործը կբողոքարկվի Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան։
Ըստ Խաճապուրիձեի՝ Սաակաշվիլիին արդեն տեղեկացրել են Վերաքննիչ դատարանի որոշման մասին:
Փաստաբանի խոսքով՝ դատավոր Եկատերինե Կուլուլաշվիլին Վերաքննիչ դատարանում փաստաբանների բացակայությամբ է քննարկել Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու միջնորդությունը։
Ի դեպ, Խաճապուրիձեն փետրվարի 21-ին բողոքարկել է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան։
Նշենք, որ Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Այս երկուսից բացի, ևս երեք գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ։
Ձերբակալման առաջին օրը Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո։ Նրա հարազատների ու փաստաբանների խոսքով՝ նա չի կարողացել Վրաստանում պատշաճ բուժում ստանալ։
2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում. նրա ընտանիքը և փաստաբանները ասում են, որ նրա վիճակը, բարելավվելու փոխարեն, օրեցօր վատանում է։
Թբիլիսիի քաղաքային դատարանը երկամսյա վերանայումից հետո՝ փետրվարի 6-ին, մերժել է փաստաբանների միջնորդությունը` Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը հաշվի առնելով ազատել նրան կամ հետաձգել պատիժը` արտերկրում բուժում ստանալու հնարավորություն ընձեռելով։
Կոչ իշխանություններին՝ վերանայել Սաակաշվիլիին բուժման նպատակով ազատ արձակելու որոշումը