«Թբիլիսի տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ն` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամբ, հայտարարում է կին վարորդների վերապատրաստման կարճաժամկետ դասընթացի հրավեր։ Այս հայտարարությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նշվում է, որ դասընթացին կարող են մասնակցել կանայք, որոնք ցանկանում են ավտոբուսի վարորդ դառնալ։ Ուսուցման ընթացքում մասնակիցները կանցնեն տեսական և գործնական դասընթացներ: Տեսական դասընթացն ընդգրկում է ինչպես ավտոբուսի վարման, երթևեկության կանոննեի և անվտանգության ցուցումներ, այնպես էլ համապատասխան իրավական ակտեր և ուղևորների հետ հաղորդակցություն:
«Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները կանցնեն ավտոբուս վարելու և մանևրելու դասեր։ Բացի այդ, դասընթացի շրջանակներում մասնակիցները կսովորեն առաջին բուժօգնության հիմունքները և հաջողությամբ ավարտելուց հետո կստանան համապատասխան վկայական։
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կհանձնեն D կարգի վարորդական իրավունքի վկայականի համար նախատեսված տեսական և գործնական քննություններ։ Քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում D կարգի վարորդական իրավունք ունեցող կանայք կկարողանան աշխատանքի անցնել որպես ավտոբուսի վարորդ` ինչպես մասնավոր, այնպես էլ հասարակական տրանսպորտի ընկերություններում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ վերապատրաստման դասընթացն անվճար է բոլոր դիմորդների համար, որի շրջանակներում կֆինանսավորվի նաև քննության հանձնման ծախսերը։ Դասընթացը կտևի մեկ ամիս, և դրա մեկնարկի հաշվարկային ամսաթիվը 2023 թվականի մայիսի 1-ն է։
Կարող են մասնակցել այն կանայք, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
- Վրաստանի քաղաքացի են,
- առնվազն 24 տարեկան են,
- ունեն B կարգի վարորդական իրավունք,
- ունեն թեթև տրանսպորտային միջոց վարելու առնվազն 3 տարվա փորձ,
- չունեն ճանապարհային երթևեկության էական խախտումներ (պատահարներ, հարբած մեքենա վարել և այլն),
- պատրաստ են ավարտել վերապատրաստման դասընթացը և հանձնել վարորդական իրավունքի որակավորման քննությունը:
Հետաքրքրված անձինք այսօրվանից մինչև մարտի 20-ը պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- CV / ռեզյումե,
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- վարորդական իրավունքի պատճեն:
Փաստաթղթերը պետք է ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ ZAsatiani@metro.ge, SBaqradze@metro.ge, KLomjaria@metro.ge: Վերնագրում պետք է գրվի «Ավտոբուսի կին վարորդի վերապատրաստման դասընթաց»:
Շահագրգիռ կողմերի ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ընտրված թեկնածուները կանցնեն հարցազրույց և քաղաքային վարորդական քննություն, որից հետո կընտրվի 25 կին՝ ավտոբուսի վարորդների վերապատրաստման կարճաժամկետ դասընթացին մասնակցելու համար։
Նշված դասընթացը հաջողությամբ անցած անձինք թափուր աշխատատեղի առկայության դեպքում հնարավորություն կունենան աշխատանքի տեղավորվելու «Թբիլիսի տրանսպորտային ընկերությունում»։