Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, փոխանցում է ՀՀ նախագահի պաշտոնական էջը:
Ողջունելով նորանշանակ դեսպանին` Խաչատուրյանը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: Նախագահը նշել է, որ
ի պատիվ երկու երկրների այսօրվա կառավարությունների, կարելի է ասել` ամեն ինչ արվում է, որպեսզի ավելի զարգանան, խորանան տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերություններն ու կապերը:
«Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ: Հայ-վրացական հարաբերությունները միշտ առանձնահատուկ են եղել ինձ համար: Գտնում եմ, որ մեր երկու երկրների յուրաքանչյուր պաշտոնյայի համար մեր ժողովուրդների միջև ձևավորված դարավոր բարեկամությունը շարունակելը և զարգացնելը մեծ պարտավորություն է:
Կարծում եմ՝ աշխարհի շատ ժողովուրդների համար մեր հարաբերությունները կարող են օրինակելի լինել: Քիչ երկրներ կան, որ այսպիսի դարավոր կապեր ունեն, կողք կողքի են ապրել, պատմության ընթացքում միմյանց հետ չեն պատերազմել, խնդիրներ չեն ունեցել:
Համոզված եմ, որ Դուք ևս այդ ավանդույթների, սովորույթների շարունակողը կլինեք: Մենք միասին ամեն ինչ կանենք՝ մի նոր աստիճանի բարձրացնելու համար մեր հարաբերությունները»,- ասել է ՀՀ նախագահը:
Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով.
«Պարոն նախագահ, շնորհակալություն բարեմաղթանքների և այսպիսի ջերմ ընդունելության համար: Իհարկե, մեր հարաբերությունները, իրոք, եզակի են, որովհետև իրապես դժվար է գտնել այդպիսի ժողովուրդների, որ դարեր շարունակ այսպես կողք կողքի ապրել են: Այս ամենն, իհարկե, պետք է փոխանցենք մեր հաջորդ սերունդներին, համամիտ եմ, որ պետք է նոր շունչ հաղորդենք մեր հարաբերություններին:
Իհարկե, ես ամեն ինչ կանեմ, որ իմ առաքելության ընթացքում փորձեմ զարգացնել որոշակի ուղղություններ, նպաստեմ երիտասարդների միջև երկխոսության ակտիվացմանը, մշակույթի, տնտեսության ոլորտում ավելի սերտ հարաբերությունների ձևավորմանը»:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմաշերտ համագործակցության ոլորտների վերաբերյալ օրակարգային հարցերը, Հայաստանի և Վրաստանի գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանման ուղղությունները:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին: Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: