Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հետ հանդիպմանը, որի ընթացքում դեսպանը 27 անդամ երկրների անունից դեմարշ (պաշտոնական հաղորդագրություն) է փոխանցել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խնդրով, երրորդ նախագահին արտասահման տեղափոխելու մասին քննարկում չի եղել։
«Այսօրվա հանդիպմանը որևէ քննարկում չի եղել Սաակաշվիլիին արտերկիր, հատկապես որևէ կոնկրետ երկիր տեղափոխելու մասին»,- նշել է Բրեգաձեն։
Հիշեցնենք, որ Հերչինսկին ԵՄ անդամ 27 պետությունների անունից Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին դեմարշ (պաշտոնական հաղորդագրություն) է փոխանցել Սաակաշվիլիի խնդրով: Ըստ հաղորդագրության՝ Հերչինսկուն ուղեկցել է Շվեդիայի դեսպանը: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին:
Հերչինսկին հայտնել է, որ շատ բաց և անկեղծ զրույց են ունեցել Բրեգաձեի հետ: Նրան ներկայացվել է ԵՄ-ի դիրքորոշումը, արդարադատության նախարարն էլ իր հերթին տեղեկացրել է այն աշխատանքների մասին, որոնք կատարվում են Սաակաշվիլիի իրավունքների պահպանման համար:
ԵՄ դեսպանը Բրեգաձեին է հանձնել Սաակաշվիլիի վերաբերյալ ԵՄ անդամ 27 երկրի դեմարշը