Facebook սոցիալական ցանցի Վրաստանի կառավարության պաշտոնական էջում քննադատական մեկնաբանություններ թողնելուց հետո մի շարք օգտատերեր տեղեկացրել են իրենց ֆեյսբուքյան էջերի արգելափակման մասին:
Ինչ է կատարվում
Facebook-ում Վրաստանի կառավարության պաշտոնական էջը տարածել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, որում չի նշվում Ռուսաստանը, իսկ 102-ամյա օկուպացիան գնահատվում է որպես «ողբերգական իրադարձություն»։
Վրաստանի կառավարության այլ գրառումներում ասվում է, որ խորհրդային օկուպացիայի 102-րդ տարելիցի կապակցությամբ դրոշներ են խոնարհվել վարչական շենքերի և արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:
Կառավարության հրապարակման տակ կարելի է հանդիպել հետևյալ գրառումներով մեկնաբանություններ.
- «Ողբերգական իրադարձությունը դուք եք, Ռուսաստանն օկուպանտ է»,
- «Ռուսաստանն օկուպանտ է։ Եթե ջնջես, էլի կգրեմ»,
- «Ռուսաստան բառը չհիշատակելը շատ ամոթալի է։ Դուք չեք կարող կեղծել անցյալը և չեք կարող այն գեղեցկացնել: Ռուսաստանը օկուպանտ է»,
- «Ինչ արագ եք ջնջում: Ռուսաստանն օկուպանտ է, և մեկնաբանությունները ջնջելով չես կարող փոխել այդ իրականությունը»,
- «Վրաստանի կառավարություն, դուք Վրաստանի ամենամեծ ողբերգական իրադարձությունն եք։ Ռուսաստանն օկուպանտ է» և այլն:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարվել է Խորհրդային օկուպացիայի օր:
1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական 11-րդ կարմիր բանակը Թբիլիսին գրավեց և տապալեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված Վրաստանի իշխանությանը, ինչից հետո իրականացվեց Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության բռնակցումը ԽՍՀՄ-ին: