Վրաստանում Միացյալ ազգերի կազամկերպությունը (ՄԱԿ) խոր մտահոգություն է հայտնել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման՝ Վրաստանի խորհրդարան ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծի վերաբերյալ։
ՄԱԿ-ը կարծում է, որ նշված նախագծի ընդունումը սպառնում է քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցների գործունեությանը և Վրաստանի ժողովրդավարության կառուցման գործում դրանց էական ներդրմանը։
«Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն էական աջակցություն են ցուցաբերում հասարակության առավել խոցելի խմբերին և պաշտպանում նրանց իրավունքները։ Քաղաքացիական հասարակության գործունեության խափանումը կարող է խոցելի խմբերին թողնել առանց պատշաճ աջակցության, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանվածներին, փոքրամասնությունների ներկայացուցիչներին, տարեցներին, կանանց, երիտասարդներին, երեխաներին, ընտանեկան բռնության զոհերին և այլոց, ովքեր արդյունավետ աջակցության և օգնության կարիք ունեն»,- նշված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:
Կազմակերպությունը կարծում է, որ օրինագիծը սպառնում է այնպիսի իրավունքների հարգմանը և պաշտպանությանը, ինչպիսիք են արտահայտվելու ազատությունը, հանրային գործունեությանը մասնակցելու իրավունքը, անձնական տվյալների գաղտնիության ու պաշտպանության իրավունքը և խտրականության արգելքը.
«Հաշվի առնելով Վրաստանի ներկայիս անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, մենք կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանին իրավական կարծիք փնտրել նշված օրինագծի վերաբերյալ իրավասու տարածաշրջանային և միջազգային մարմիններից, հաշվի առնել նմանատիպ օրենսդրության վերաբերյալ առկա կարծիքները և անցկացնել լայն, ընդգրկուն և բովանդակալից խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որոնց վրա կարող է ազդել այս օրինագծի ընդունումը»:
Հայտարարության համաձայն, օրենքի ընդունումը կարող է խոչընդոտել Վրաստանում ՄԱԿ-ի գործունեությունը Կայուն զարգացման համագործակցության համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է Վրաստանի կառավարության հետ։
ՄԱԿ-ը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու համար այնպիսի միջոցառումները, որոնք կվտանգեն վրացական ժողովրդավարությունը և կխոչընդոտեն կամ կդանդաղեցնեն Վրաստանի զարգացման աջակցությունը։
Օրինագիծը պաշտպանում են միայն «Վրացական երազանքը» և նրա արբանյակ քաղաքական խմբերը, փորձագետներն ու լրատվամիջոցները։
Օրենքի նախագծի վերաբերյալ, բացի ՄԱԿ-ից, խիստ բացասական հայտարարություններ են տարածել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրամիությունը։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրացական տարբերակը նման է ռուսականին. Միքելաձե