Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ վաղը լրանում է Կարմիր բանակի կողմից Վրաստանի Առաջին Հանրապետության բռնակցման 102 տարին: Ըստ Պապուաշվիլիի՝ Ուկրաինայում աշխարհը կանգնած է նույն մասշտաբի մարտահրավերի առաջ և 2022 թվականի Ուկրաինան չպետք է դառնա 1921 թվականի Վրաստան:
«Այսօր լրանում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մեկնարկի մեկ տարին, ավերածությունների, ցավի, հազարավոր զոհված խաղաղ բնակիչների, միլիոնավոր մարդկանց կործանված ներկան ու ապագան մեր սերնդի պատմության մեջ ամենամեծ ագրեսիան է»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով, պատերազմի սկզբից ի վեր Վրաստանը անսասան ու անվերապահորեն կանգնած է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի կողքին.
«Մենք վրաց ժողովրդի համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնել մեր ուկրաինացի գործընկերներին Կիև, Բուչա և Իրպին կատարած մեր այցի ժամանակ, Վրաստանի խորհրդարանը հյուրընկալել է պատերազմից տուժած շատ ուկրաինացիների, ովքեր մազապուրծ են պատերազմից և ավերածություններից։ Վրաստանը դարձել է նրանց երկրորդ հայրենիքը մինչև Ուկրաինայում խաղաղության վերականգնումը։ Այս աջակցությունը անշեղորեն կշարունակվի նաև ապագայում»:
Խորհրդարանի նախագահը նշել է, որ երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Վրաստանի համահեղինակած բանաձևը, և այս բանաձևի ոգով իրենք ֆորումից պահանջում են, որպեսզի Ռուսաստանը անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և հարգի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները։
«Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին մաղթում եմ հաղթանակ ազատության համար մղվող հերոսական պայքարում։ Слава Україні»,- ասել է Պապուաշվիլին։
«Երկու աթոռի վրա նստելու փորձ». ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին ու Վրաստանը