Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ պատրաստ էր պատերազմի տարելիցին այցելել Ուկրաինա, սակայն ուկրաինական կողմից հրավեր չի ստացել։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է այսօր՝ փետրվարի 24-ին, նախագահականում իր ելույթի ժամանակ։
Զուրաբիշվիլին քննադատել է Վրաստանի խորհրդարանին, որը, չնայած հրավերին, չի մեկնել Ուկրաինա։
Ըստ նախագահի՝ ինքը, որպես Վրաստանի նախագահ, այս մեկ տարվա ընթացքում ամեն հնարավոր վայրում և ձևաչափով Վրաստանի հաստատակամ աջակցությունն է հայտնել Ուկրաինային և կշարունակի այդպես:
«Ես կարծում եմ, եթե ոչ Վրաստանի կառավարությունը, ապա Վրաստանի նախագահն այսօր պետք է լինի Կիևում, և ես ժամանակին պատրաստակամություն եմ հայտնել։ Ցավոք, հրավեր չեմ ստացել։ Փոխարենը, չնայած հրավերին, խորհրդարանը հարկ չի համարել պաշտոնական պատվիրակություն ուղարկել։ Ցավում եմ, որ արդյունքում մենք այսօր Կիևում ներկայացված ենք միայն որպես ընդդիմություն, թեև ուրախ եմ, որ գոնե նրանք այնտեղ են»,- ասել է Զուրաբիշվիլին։
Ի դեպ, Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մեկ տարի անց՝ փետրվարի 24-ին, Ուկրաինայի խորհրդարանը տարբեր երկրների օրենսդիր մարմինների պատվիրակությունների թվում հրավիրել էր նաև վրաստանյան պատվիրակությանը, ինչը, սակայն, իշխող թիմը մերժել է:
Ի տարբերություն իշխող թիմի, ընդդիմության ներկայացուցիչները Կիևում են։