«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանցերում արձագանքել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մեկնարկի մեկամյակին։
Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ Ուկրաինային պատեց մի մեծ ողբերգություն, որին ուկրաինացի ժողովուրդն արժանի չէր։
«Պատերազմի արդյունքում զոհվեցին տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորներ և խաղաղ բնակիչներ, այդ թվում, ամենացավալին, ավելի քան 450 երեխա։ 16 միլիոն ուկրաինացի դարձել է փախստական և տեղահանված։ Պատերազմը ոչնչացրեց Ուկրաինայի տնտեսությունն ու ենթակառուցվածքները։
Ուկրաինացի զինվորներն ու կամավորները այսօր էլ հերոսաբար շարունակում են պայքարել իրենց երկրի անկախության և տարածքային ամբողջականության համար։ Խոնարհվում եմ նրանց հերոսության ու նվիրումի առաջ», — գրել է Կոբախիձեն։
Իշխող կուսակցության նախագահը հավելել է՝ բարեկամ ուկրաինացի ժողովրդին մաղթում է «անկախություն և տարածքային ամբողջականության վերականգնում, Слава України!»։
Նշենք, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը մեկնարկել է անցյալ տարի՝ 2022 թվականի փետրվարի 24-ին։