Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով վաղն անցկացվելիք բողոքի ակցիային, ասել է, որ դա կազմակերպել են արմատական ընդդիմության ներկայացուցիչները, և ինքը չի մասնակցելու հանրահավաքին։
«Այս ակցիայի կազմակերպիչները Վրաստանում չեն, և նրանց թվում գիտեմ մի քանի պատգամավորի, որոնք գործուղման են մեկնել արտերկիր։ Դա ցույց է տալիս թե նրանք որքան լուրջ են վերաբերվում վրաց ժողովրդին, որին կոչ են անում մասնակցել հանրահավաքին, իսկ իրենք` կազմակերպիչները, Վրաստանում չեն։
Այս ակցիան ունի կազմակերպիչներ, որոնք արմատական ընդդիմության ներկայացուցիչներ են։ Նույնիսկ այս կազմակերպիչները չեն մասնակցում հանրահավաքին, իսկ ես ցանկություն չունեմ գնալու ընդդիմության կազմակերպած հանրահավաքին»,- ասել է Պապուաշվիլին։
Պապուաշվիլին իր խոսքում ընդգծել է․ «Մակաբուծություն է, երբ փորձում ես այս պատերազմն օգտագործել քո քաղաքական օրակարգի համար»։
Լրագրողի այն հարցին, թե Ուկրաինա գնալը արդյո՞ք մակաբուծություն է, խորհրդարանի նախագահը պատասխանել է, որ դա մակաբուծություն է այն քաղաքական գործիչների դեպքում, որոնք հայտարարում են ակցիայի մասին, իսկ հետո` մեկնում երկրից։
Նշենք, որ վաղը՝ փետրվարի 24-ին, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի մեկնարկի օրը, Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ժամը 19:00-ին տեղի է ունենալու ցույց՝ հաջակցություն Ուկրաինայի։