Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանում, որը գումարվել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկի տարելիցին։
Դարչիաշվիլին փետրվարի 22-ին ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հարձակում է ողջ միջազգային կարգի վրա և ոչնչացնում է համաշխարհային խաղաղության ու անվտանգության ճարտարապետությունը։
«Ուկրաինան խաղաղության կարիք ունի, մեր երկրներն ու ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Աշխարհը խաղաղության կարիք ունի: Մենք բախվում ենք աննախադեպ մասշտաբի գլոբալ մարտահրավերների՝ կլիմայի փոփոխություն, բնական աղետներ, ահաբեկչություն: Սրանք պահանջում են մեր համատեղ ջանքերը, մեր համագործակցությունը: ՄԱԿ-ը կարող է շատ բան անել այս ուղղությամբ, մենք պետք է դա անենք մեր երեխաների, մեր ապագա սերունդների համար»,- ասել է Դարչիաշվիլին:
ԱԳ նախարարը Վրաստանի անունից ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել խաղաղության բանաձևի նախաձեռնությանը, որը, ըստ նրա՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունից բացի, արձագանքում է նաև ՄԱԿ անդամ երկրի հիմնարար արժեքների և սկզբունքների պաշտպանությանը։
Նրա խոսքով, Վրաստանը համերաշխ է Ուկրաինային աջակցելուն ուղղված միջազգային ջանքերին։
Դարչիաշվիլին խոսել է նաև Վրաստանի օկուպացված տարածքների մասին։
«Վրաստանի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմից և նրա տարածքների 20 տոկոսի օկուպացումից անցել է գրեթե 15 տարի, ինչը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և Փարիզի կանոնադրության սկզբունքները», — ասել է ԱԳ նախարարը:
Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջազգային հանրության համատեղ ջանքերի կարևորությունը։ ԱԳ նախարարը հաստատել է Վրաստանի ամուր աջակցությունը բանաձևի նախագծին, որը ևս մեկ անգամ հստակ ազդանշան է ուղարկում պաշտպանելու ՄԱԿ-ի հիմնարար արժեքները, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները և կոչ է անում համապարփակ, արդար և տևական խաղաղություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։