«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության համաձայն՝ 2022 թվականին Վրաստանը զբոսաշրջությունից, ապրանքների արտահանումից և Ռուսաստանից փոխանցումներից ստացել է շուրջ 3,6 միլիարդ դոլար, ինչը 3 անգամ գերազանցում է 2021-ին նույն աղբյուրներից ստացված եկամուտը։
Ըստ TI-ի՝ 2022-ին ստացված հիշյալ եկամուտը կազմել է Վրաստանի տնտեսության (ՀՆԱ) 14,6 տոկոսը, մինչդեռ 2021-ին այդ ցուցանիշը հասել է 6,3 տոկոսի: TI-ի տվյալներով՝ սա նշանակում է, որ նախորդ տարիների համեմատ աճել է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։ Կազմակերպության գնահատմամբ՝ աճը հիմնականում պայմանավորված է փոխանցումների աճով:
«Ռուսաստանից տնտեսական կախվածության աճը վտանգավոր է Վրաստանի համար, քանի որ, Ռուսաստանը տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես անկախ երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու լծակ։ Բացի այդ, քանի որ պատերազմն ու պատժամիջոցները Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ են առաջացրել, որը կշարունակվի այս տարի, Վրաստանի՝ Ռուսաստանի տնտեսությունից աճող կախվածությունը վտանգավոր է նաև մակրոտնտեսական տեսանկյունից»,- նշված է հետազոտության մեջ:
Հետազոտության հեղինակները նշել են, որ 2022-ին Վրաստանում գրանցվել է մինչև 15 հազար ռուսական ընկերություն, ինչը 16 անգամ ավելի է 2021-ի ցուցանիշից։ Զեկույցի համաձայն՝ Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է 22 հազար 400 ռուսական ընկերություն, որոնց 66 տոկոսը գրանցվել է ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։
TI-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի գրանցված ընկերությունների 95 տոկոսը անհատական ձեռնարկություններ են, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի քաղաքացիների մի մասը Վրաստան է տեղափոխվել երկարաժամկետ բնակության և բիզնեսի նպատակով։ Կազմակերպության տվյալներով, 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 6,8 տոկոսով և հասել 652 մլն դոլարի։ Սակայն, ըստ հաղորդագրության՝ պատերազմի սկսվելուց հետո՝ մարտ-դեկտեմբերին, արտահանումն աճել է 3,2 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է թեթև մեքենաների վերաարտահանման 5 անգամ աճով։
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 14,4 տոկոսից նվազել է մինչև 11,7 տոկոսի: 2022 –ին Ռուսաստանից ներմուծումն աճել է 79 տոկոսով և կազմել 1,8 մլրդ դոլար։ Պատերազմի սկսվելուց հետո ամենաշատն աճել է Ռուսաստանից նավթամթերքի (վառելիքի) ներկրումը` 482 մլն դոլարով (5 անգամ ավելի)։
Ըստ TI-ի՝ պարենային ապրանքների ներմուծումն աճել է 45 տոկոսով և կազմել 442 մլն դոլար: Կազմակերպությունը նշում է, որ չնայած Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման 46 տոկոս աճին, ռուսական էլեկտրաէներգիան Վրաստանի ներքին սպառման միայն 2,6 տոկոսն է կազմում։ Ըստ զեկույցի՝ Ռուսաստանից բնական գազի ներմուծումն աճել է 32 տոկոսով։ Կազմակերպությունը նշում է, որ Վրաստանի կախվածությունը ռուսական ցորենից ու ալյուրից դեռ մեծ է։ Մասնավորապես, ըստ հետազոտության հեղինակների՝ 2022-ին ռուսական ցորենի և ցորենի ալյուրի մասնաբաժինը վրացական ցորենի և ցորենի ալյուրի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 97 տոկոս։