Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հայտարարել է, որ գաղտնի տեսանյութերի տարածման գործում նոր փաստեր են ի հայտ եկել, սակայն դրանց մասին դեռևս պետք չէ բարձրաձայնել:
Հետաքննությունն ավելի արագ ավարտին հասցնելու նպատակով դատախազությունը համագործակցում է Ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության հետ: Ինչպես նշել է Շոթաձեն` գործին վերաբերող նորություններ կան, սակայն նախաքննության շահերից ելնելով դրանք չեն հրապարակվի:
Դատախազը նշել է նաև, որ ելնելով այն հանգամանքից, որ տեսանյութերը համացանցում վերբեռնել են արտասահմանյան կայք էջերում, հետաքննության մեջ ներգրավված են նաև այլ երկրների իրավապահ մարմինները. հակառակ դեպքում վրացական կողմը միայնակ կդժվարանար հետաքննությունն անցկացնել: Երկրի գլխավոր դատախազի խոսքերն է փոխանցում www.interpressnews.ge-ն:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին «Youtube»-ում հայտնվել էր սեռական բնույթի մի տեսանյութ, որում ներկայացված էր ենթադրաբար նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Համացանցում տարածված տեսանյութի հեղինակների ինքնությունը պարզելու նպատակով դատախազութունը հետաքննություն է սկսել: