«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը» (CRRC-Վրաստան) հրապարակել է «Վրաստանում արտաքին սպառնալիքների ընկալումը» նոր հետազոտությունը, որտեղ հիմնական բացահայտումներից մեկն այն է, որ հարցված քաղաքացիների մեծամասնությունը կողմ է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, եթե նույնիսկ դա մեծացնի Ռուսաստանի կողմից ագրեսիայի ռիսկերը:
Հետազոտության հեղինակները նշել են, որ արևմտյան նկրտումներին ավելի շատ աջակցում են երիտասարդները (18-34 տարեկանները), քաղաքաբնակները, բարձրագույն կրթություն ունեցողները և ընդդիմության կողմնակիցները:
Բնակչության արտաքին կողմնորոշումն ուսումնասիրելու համար հարցվածների մեծամասնությունը՝ 54 տոկոսը, Վրաստանի համար շահավետ է համարել եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացիան։ Հետազոտության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը տնտեսական զարգացում կբերի իրենց երկրին, և չեն հավատում, որ դրա պատճառով կկորցնեն իրենց ազգային ինքնությունը։
Վրաստանի քաղաքացիների միայն 22 տոկոսն է համաձայն, որ Վրաստանը կկորցնի իր ազգային ինքնությունը, եթե անդամակցի Եվրամիությանը, իսկ 73 տոկոսը համաձայն է, որ Եվրամիությանն անդամակցելը կնպաստի Վրաստանի տնտեսության զարգացմանը։
Ըստ բնակչության տարբեր խմբերի պատասխանների՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցները, համեմատած ընդդիմությանը սատարողների և ոչ մի կուսակցության չսատարողների հետ՝ ավելի շատ են կարծում, որ եթե Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, կկորցնի իր ազգային ինքնությունը։
Ի դեպ, CRRC-Վրաստանը տվյալներ է հավաքել 2022 թվականի օգոստոսին և սեպտեմբերին: Հարցման շրջանակներում ընդհանուր առմամբ 1 523 հարցազրույց է անցկացվել Վրաստանի չափահաս (18+) բնակչության հետ։ Հետազոտությանը ֆինանսապես աջակցում է ամերիկյան National Endowment for Democracy (NED) կազմակերպությունը։